Հնդկաստանը փոխարինում է Ռուսաստանին Հայաստանի զենքի շուկայում․ «Ведомости»

20/05/2025 Քաղաքական

Հայաստանը 2022-2023 թվականներին պաշտպանական բնագավառում Հնդկաստանի հետ կնքել է ավելի քան 1,5 միլիարդ դոլարի պայմանագրեր։ Այս մասին ասվում է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի «ռուս-հայկական փոխգործակցությունը ներկայիս փուլում» զեկույցում, որը հղում է անում երկրի խորհրդարանում արված հայտարարություններին, որոնք ուսումնասիրել է «Ведомости»-ն։

Այս ժամանակահատվածում Երևանը մի շարք համաձայնագրեր է ստորագրել հնդկական տարբեր զինամթերքի գնման վերաբերյալ։ Հնդկաստանը, ինչպես սպասվում է, մոտ ապագայում կտեղակայի Akash-NG միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր։

Հայաստանի մեկ այլ խոշոր ռազմական գործընկեր է Ֆրանսիան, որի հետ Երևանը 2023-2024 թվականներին կնքել է մոտ 250 միլիոն դոլարի զենքի գնման պայմանագրեր։

Զեկույցում նշվում է, որ Երևանը ՀԱՊԿ-ի իր դաշնակից Ռուսաստանի հետ վերջին պաշտպանական համաձայնագիրը՝ 400 միլիոն դոլար արժողությամբ, կնքել է 2021 թվականին, սակայն այն դեռևս լիովին չի իրականացվել։ Բացի այդ, Ռուսաստանի կերպարը փոխվել է հայ հասարակության մեջ. բարեկամ երկրից այն վերածվել է մի պետության, որտեղից «քաղաքական սպառնալիքներ» են բխում Հայաստանի համար։

Նշվում է, որ Հայաստանի ղեկավարությունը ընտրել է իր արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ռազմավարությունը՝ ի օգուտ արևմտյան պետությունների հետ մերձեցման։ Սակայն այս գործընթացներից անկախ, Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը։

Ֆրանսիական և հնդկական զենքերը չեն կարողանա լիովին փոխարինել ռուսական և խորհրդային զենքին հայկական բանակում, ուստի մատակարարումների դիվերսիֆիկացման միտումն ավելի հավանական է, որ քաղաքական նշանակություն ունենա։

Հոդվածում նշվում է, որ հայկական զինված ուժերը դեռևս հետևում են ՀԱՊԿ չափանիշներին, իսկ Գյումրիում ռուսական ռազմաբազայի առկայությունը մնում է Մոսկվայի և Երևանի միջև համագործակցության կապող օղակ։ Հետևաբար, ռուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

–00—ՅՄ