Ինչ զեկույց է հրապարկել ԵՄ-ն Թուրքիայի մասին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Եվրոպական հանձնաժողովը կանխատեսում է, որ 2025թ. Թուրքիայի տնտեսական աճը կդանդաղի, իսկ գործազրկությունը կաճի։
Եվրոպական հանձնաժողովն իր «2025թ. գարնանային տնտեսական կանխատեսում» զեկույցում նվազեցրել է Թուրքիայի տնտեսական աճի կանխատեսումները: Համաձայն զեկույցի՝ Թուրքիայի տնտեսական աճը 2025-ին կկազմի մոտ 2.8%: Իսկ 2026-ի համար կանխատեսվում է, որ աճը կվերականգնվի՝ հասնելով 3.5%-ի:
Զեկույցում ընդգծվում է, որ Թուրքիայի տնտեսությունը փորձում է կայունություն ձեռք բերել վերջերս իրականացված ֆինանսական և դրամավարկային քաղաքականությունների միջոցով, սակայն ներքին քաղաքական անորոշությունը ճնշում է գործադրում ֆինանսական շուկաների վրա: Նշվում է, որ այս իրավիճակը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա:
Ակնկալվում է, որ տնային տնտեսությունների սպառումը կունենա չափավոր՝ մոտ 3.5% աճ՝ ֆինանսական պայմանների աստիճանական բարելավմանը զուգահեռ: Այնուամենայնիվ, զեկույցում ուշադրություն է հրավիրվում նաև այն հանգամանքին, որ բարձր իրական տոկոսադրույքները ճնշում են գործադրում մասնավոր հատվածի ներդրումների վրա: Երկրաշարժից հետո վերակառուցման աշխատանքների դանդաղեցումը և պետական ծախսերի սահմանափակումը նշվում են որպես աճը սահմանափակող գործոններ: