Ստալինգրադում նացիստների հաղթանակի դեպքում Թուրքիան հարձակվելու էր Կովկասյան ճակատում. Շարմազանով

18/05/2025 Քաղաքական

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Անհերքելի է,որ Ստալինգրադում նացիստների հաղթանակի դեպքում Թուրքիան հարձակվելու էր Կովկասյան ճակատում։

1941-ի հունիսի 22-ին նացիստական Գերմանիան պատերազմ է սկսում Խորհրդային Միության դեմ։

Նույն այդ ժամանակաշրջանում Թուրքիայում ակտիվանում են պրոգերմանական տրամադրություններն ու քարոզչությունը։

Գերմանիայի հետ դաշինքի կողմնակիցները շատ էին հատկապես Թուրքիայի զինված ուժերում ,գլխավոր շտաբի պետ գեներալ Չաքմակի գլխավորությամբ։

Պատերազմից մի քանի օր առաջ ՝1941-ի հունիսի 18-ին Գերմանիան Թուրքիայի հետ կնքում է «բարեկամության ու չհարձակման» պայմանագիր/Սարաջօղլու- ֆոն Պապպեն/։

ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակմանը զուգահեռ Թուրքիան մասնակի մոբիլիզացիա հայտարարեց ՝Խորհրդային Հայաստանի հետ սահմանին կենտրոնացնելով մեծ քանակությամբ զորք։

Պատմաբան Յ.Գորկովի վկայությամբ,թուրքական մոբիլիզիացիայից հետո Ստալինը հստակ նշել է,որ «վստահ չէ Թուրքիայի չեզոքությանն » ու չի բացառում վերջինիս կողմից հարձակում :

Նման մտահոգություն ունեին նաեւ բրիտանացիները,իսկ 1941-ի սեպտեմբերին Մոսկվայում տեղի ունեցող դաշնակից երկրների ներկայացուցիչների առաջին կոնֆերանսին Մեծ Բրիտանիայի պատվիրակության անդամ լորդ Բիվերբրուկն առաջարկում էր «խրախուսել Թուրքիային չեզոքություն պահպանելու համար»,սակայն Ստալինը կտրուկ դեմ արտահայտվեց ու նշեց,որ չի վստահում թուրքերին։/]Ржешевский О. А. Сталин и Черчилль. Встречи. Беседы. Дискуссии: Документы, комментарии. 1941—1945. — М.: Наука, 2004. — С. 22. — ISBN 5-02-009821-3/:

Ստալինի նման վերաբերմունքը հիմնավոր էր,քանի որ քիչ անց թուրքական ռազմական պատվիրակությունը գեներալ Ալի Ֆուադ Էրդենի ղեկավարությամբ մեկնեց ԽՍՀՄ օկուպացված տարածքներ՝հանդիպելով Ադոլֆ Հիտլերի հետ։

Թուրքական գեներալիտետը 1942-ին պահանջում էր նախագահ Իսմեթ Ինենյուից անհապաղ պատերազմ սկսել ԽՍՀՄ-ի դեմ,բայց վերջինս չէր շտապում ու սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի արդյունքին։

1942-ի ամռանը թուրքերն իրականացրին լայնամասշտաբ մոբիլիզացիա ու շուրջ 750 հազար զինվոր տեղակայեցին ԽՍՀՄ-ի հետ սահմանին։

Վ. Կոնտեւսկին իր «Россия-Турция: этапы торгово-экономического сотрудничества»աշխատության մեջ նշում է,որ Անդրկովկասյան ճակատի դեմ թուրքերը կենտրոնացրել էին շուրջ 50 դիվիզիա։

Թուրքական 750.000-1 մլն բանակի դիմաց կանգնած էր ընդամենը 200 հազարանոց խորհրդային խմբավորումը։

Ստալինգրադի ճակատամարտի օրերին՝1942-ի օգոստոսի 27-ին ,Թուրքիայի ԱԳՆ Սարաջօղլուն Գերմանիայի դեսպան ֆոն Պապպենին ասել է.

«Ռուսաստանի կործանումը թուրք ժողովրդի դարավոր երազանքն է»։

/Надеин-Раевский В. А. Пантюркизм: идеология, история, политика // Экспансионистская доктрина: от Османской империи до наших дней и судьбы Турции, России и Армении. — М.: 2017. — С. 155./:

Հարկ է նշել,որ պատերազմի ընթացքում Թուրքիան գերմանական բանակին մատակարարում էր բացառիկ մետաղ՝քրոմ։

Հետեւաբար Թուրքիայի աջակցությունը Գերմանիային եղել է շատ ծանրակշիռ։

Սակայան Ստալինգրադում խորհրդային բանակի փառավոր հաղթանակը ստիպեց թուրքերին հետ կանգնել իրենց պլաններից։

Ստալինգրադի փառավոր հաղթանակում մեծ է եղել նաեւ հայ ժողովրդի զավակների ներդրումը։

Ճակատամարտին մասնակցած 30 հազար հայորդիներից 10 հազարը նահատակվեց մարտի դաշտում,իսկ նրանցիզ 5-ը արժանացան ԽՍՀՄ հերոսի բարձր կոչման։

Բացառիկ հերոսություն է դրսեւորել Հայկական հրաձգային 76-րդ դիվիզիան,որի շարքերում կռվել է նաեւ պապս՝ Պետրոս Ավագյանը։

Հավերժ փառք Մեծ Հայրենականի հերոսներին»։

–00—ՍՊ