ԱԺ-ն դարձել է «խրամատ», ու չկա գիտակցում, թե հակառակորդը որ կողմում է կուտակումներ անում․ Գևորգյան

16/05/2025 Քաղաքական

Հայաստանի օրվա իշխանությունը` թիվ մեկ պատասխանատուն է ցանկացած օրակարգի համար, որը գեներացվում է թե փողոցում և թե պետական հաստատություններում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, արևելագետ Գոռ Գևորգյանը։

«Դու´ք եք թիվ մեկ պատասխանատուն հավաքական առումով դեգրադացված միջանձնական հարաբերությունների և պետությունում տիրող արժեհամակարգային խորքային ճգնաժամի համար:

ՀՀ Ազգային ժողովը վեր է աճել ոչ թե մտքերի և գաղափարների բախման ու առողջ մրցակցության, այլ՝

հայհոյանքի, նսեմացման, ձայնազրկման, ծեծկռտուքի և եղկելի վարքագծի խառնարանի։ Պետության թիվ մեկ ամբիոնից խուլիգանական բառամթերք ու լուտանք է հորդում, հատվել են բոլոր անթույլատրելի ու հնարավոր կարմիր գծերը: Ասում են, ամեն խորհրդարան իր «քաղաքական լեզուն ունի», ցավալիորեն` մեր խորհրդարանի լեզուն մեծ հաշվով «քաղաքական թերհասությունն է», ծեծողների ու պաշտպանվողների թատերաբեմն է:

Պետության ներսում պատասխանատվության ինստիտուտի կայացման հասցեատերը ոչ միայն օրվա իշխանությունն է, այլ առաջիններից մեկը ով պետք է այն իր վրա կրի`բոլոր համապատասխան դրսևորումներով:

Դրա փոխարեն զրոյացվել է խորհրդարանական էթիկայի նորմերը, պատգամավորի անթույլատրելի վարքագծի որև է սանկցիա իրապես չի աշխատում, ինչը էլ ավելի խոցելի է դարձրել մերօրյա Խորհրդարանը, որպես առաջնահերթ քաղաքական մանդատով օժտված ինստիտուտ լինելու փաստը:

Խորհրդարանական մեծամասնության առանձին պատգամավորներ գոռուն-գոչյունով փորձում են կոմպենսացնել իրենց իսկ քաղաքական խոցելիությունը և քաղաքական խոսքի դատարկությունը. քաղաքական խոսքի և պետականաշեն գաղափարների փոխարեն էժան ու գռեհիկ շոու է «վաճառվում» մեր ժողովրդին` մարդկանց կյանքը իրապես վերափոխելու, բարեկեցիք ու անվտանգ դարձնելու, ապագայի նկատմամբ վստահություն ու հավատ սերմանելու փոխարեն: Սա է:

Եվ, այսքանից հետո ԱԺ-ում հյուրընկալում են մեր աշակերտներին ու ուսանողներին, քննարկում դիվանագիտությանը, կրթությանը և քաղաքական բարեվարքությանը վերաբերող հարցեր:

Բա զավեշտ չի՞:

Հիմա ի՞նչ են իրենց հետ տանում ԱԺ այցելած այդ սաները, ո՞ր արժեքներով են պատրաստվում ոտք դնել իրենց կյանքի հերթական փուլ:

Արդարացի լինելու համար արձանագրենք, որ ցանկացած Խորհրդարանում կարող են լինել միջադեպեր, հրմշտոց և տհաճ խոսակցություններ, բայց դրանք չպետք է ունենան մշտական բնույթ, չպետք է ուղորդվեն այլանդակ հայհոյանքներով, ընդդիմախոսին ստորացնելու փորձերով, խմբակային ծեծի դրսևորմամբ և այլն: Դա արդեն հստակ «ուրույն որակ» բնորոշող ձևաչափ է և այլ պատմություն: Նման Խորհրդարանի արդյունավետությունը մեր ժողովրդի համար այլևս կանխորոշված է: Ինչև է:

Հ.գ. ԱԺ- ն դարձել է «խրամատ», ու չկա գիտակցում, թե հակառակորդը, որ կողմում է կուտակումներ անում:

Կրթվեք գրքերով և մեր Մեծերի թողած պատգամներով»:

–00—ՅՄ