Եվրոպական էլիտաներին պետք է «չեմպիոն Ալիև», իսկ դրա համար անհրաժեշտ է, որ վարչապետը լինի Նիկոլը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների տապալման առիթով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Վլադիմիր Զելենսկու մասին ասաց այն, ինչ իրականում մտածում են, բայց հրապարակայնորեն չեն արտահայտվում: Ասաց՝ ոչ կրթություն ունես, ոչ ճանապարհ ես անցել, ով ես դու ընդհանրապես… Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։
«Սա միայն Զելենսկուն չի վերաբերվում, սա վերաբերվում է բոլոր Զելենսկու նմաններին, այդ թվում՝ Նիկոլին: Տեղն եկավ՝ ասեցին. էսօր ռուսներն են հարմար գտնում արտահայտվել, վաղը՝ եվրոպացիներն են արտահայտվելու, մյուս օրը՝ չինացիները, ըստ օրվա հրամայականի: Որովհետև իրականում բոլորն են այդպես մտածում և արտահայտվում են՝ ըստ իրենց շահերի թելադրանքի:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլին տարան Մյունխենում Ալիևի հետ հրապարակային բանավեճի, այն էլ անգլերենով: Չգիտեի՞ն, որ Ալիևն ի տարբերություն Նիկոլի՝ լավ կրթություն ունի, փորձառու դիվանագետ է ու փորձառու պետական գործիչ: Այդ շոուի կազմակերպիչները գիտեին չէ՞, որ Նիկոլը թերուս է, անցած ճանապարհն էլ սահմանափակվում է դեղին մամուլի խմբագիր լինելով:
Իրենք գիտեին, բայց ցանկանում էին, որ եվրոպական լսարանն էլ տեսնի ու իմանա, թե ով է Հայաստանի վարչապետը, ով է հայերի լիդերը, ինչ է իրենից ներկայացնում: Պետք էր եվրոպական լսարանին համոզել, որ սա է հայերի շնորքն ու մակարդակը, որպեսզի իրենց իսկ քավորությամբ Արցախը հանձնելու և էթնիկ զտման ժամանակ եվրոպական հանրությունը ձայն-ծպտուն չհանի՝ հիշելով Մյունխենում իր տեսած կոստյումով պապուասի շնորքն ու մակարդակը:
Պրոֆեսիոնալ բռցքամարտում կան չէ՞ «սարքած չեմպիոններ», երբ մեկին ռեյտինգ հավաքելու համար անընդհատ թույլ մրցակիցներ են ապահովում, որ հաղթի ու առաջ գնա: 2020-ի Մյունխենի բանավեճը հենց այս տրամաբանությամբ էր կազմակերպած: Պետք էր Ալիևին «չեմպիոն սարքել», իսկ դրա համար անհրաժեշտ էր Նիկոլի նման մեկը, որը կհամարձակվի ազգի ու պետության անունից չիմացած անգլերենով բանավիճել ու անհեթեթություններ դուրս տալ:
Գեոպոլիտիկան շատ ավելի դաժան ու ցինիկ երևույթ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ռուսաստանը դեռ մի կողմ, բայց փաստացի մարդու իրավունքներ ու ժողովրդավարություն քարոզող եվրոպական էլիտաների համար իրենց համար ատելի սովետական ԿԳԲ-ի գեներալի որդու իշխանությունն Ադրբեջանում ավելի կարևոր էր, քան հայերի՝ իրենց հողի վրա ազատ ապրելու ցանկությունը: Զարմանալի ոչինչ չկա, որովհետև այդ նույն եվրոպական էլիտաները երկրագնդի տարբեր տարածաշրջաններում համագործակցել ու համագործակցում են Ալիևից շատ ավելի բեթարների հետ:
Եվ, քանի որ շուրջ քառորդ դար Հայաստանի նախկին ղեկավարներն Ալիևներին վեր-վեր թռնելու շանս չէին տվել, բայց պետք էր Ալիևին «չեմպիոն դարձնել», անհրաժեշտություն էր, որ Հայաստանում իշխանություն լինի Նիկոլի նման մեկը: Իսկ դրա համար անհրաժեշտ էր 2018-ի հեղափոխությունը, որին հայ ժողովուրդը մեծ սիրով մասնակցեց՝ չնայած բազմաթիվ ճիչերի, որ Նիկոլն Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի գերեզմանափորն է:
Ալիևի «չեմպիոնական գոտին» պահելու համար է, որ եվրոպական էլիտաները «չեն նկատում» Հայաստանում Նիկոլի ռեժիմի կոռուպցիան, բռնությունները, մարդասպանություններն ու այն ամենի սմբակահարումը, ինչը Եվրոպան արժեք է հռչակել: «Չեն նկատում», որովհետև դեռևս իրենց պետք է «չեմպիոն Ալիև», իսկ դրա համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետը լինի Նիկոլը, այլ մարդու պարագայում Ալիևից Ա տառն է մնալու»,- գրել է նա:
–00–ԱՀ