Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ․ Ժաննա Անդրեասյան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․
Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով։
Ամենօրյա էդ քարոզով երեխաներին ուղարկում են դպրոց՝ բռնության, անհանդուրժողականության ու ագրեսիվության խնդրի առաջ դպրոցներին թողնելով միայնակ։ Չեմ չափազանցնում․ բազմաթիվ են դեպքերը, երբ դպրոցները ծնողներին ահազանգում են իրենց երեխաների տարբեր խնդիրներ և հանդիպում են տոտալ անտարբերության․ ծնողների մի զգալի մասը չգիտի՝ իր երեխան ինչով է զբաղված, տպավորություն է, որ ոչ էլ ուզում է իմանալ։ Սրան գումարվում է որոշ ծնողների կողմից ուսուցիչների հանդեպ քամահրական վերաբերմունքը, որը թե իրենց վերաբերմունքն է, թե իրենց կողմից նաև իրենց երեխաներին փոխանցվող վերաբերմունքն է։ Գումարեք սրան ցուցամոլության ու նյութապաշտության էն քաղքենի միջավայրը, որ կա։
Դպրոցը բազմաթիվ խնդիրներ ունի, այո, բազմաթիվ խնդիրներ կան ուսուցիչների որակի, հմտությունների, ցանկացած այլ ուղղություններով։ Բայց ոչ ոք երբեք չպետք է ուսուցչի հետ վարվի այնպես, ինչպես տարածված տեսագրության մասնակիցները։
Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ։ Որոշ դեպքերում նաև՝ զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է։
–00–ԱՀ