ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել իր մոտ պահվող վերջին ամերիկացի պատանդին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդ պահվող ԱՄՆ քաղաքացի Էդան Ալեքսանդրը վերադառնում է հայրենիք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ 2023 թվականի հոկտեմբերից պատանդ պահվող Ամերիկայի քաղաքացի Էդան Ալեքսանդրը վերադառնում է տուն՝ իր ընտանիքի մոտ», – գրել է Թրամփը։ԱՄՆ նախագահի խոսքով՝ դա հնարավոր է դարձել միջնորդների՝ Կատարի և Եգիպտոսի ջանքերի շնորհիվ։
«Հուսով եմ, որ սա առաջինն է այն վերջին քայլերից, որ անհրաժեշտ են այս դաժան հակամարտությունը դադարեցնելու համար: Ես անհամբեր սպասում եմ այդ տոնական օրվան», – հավելել է Թրամփը։
Ըստ CNN-ի՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն իր հերթին հայտնել է Էդան Ալեքսանդրին ազատելու մասին. նա Գազայում պատանդ պահվող ամերիկացի վերջին ողջ մնացած պատանդն է։ Շարժումը հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմի հետ վերջին օրերի բանակցությունները շատ դրական են եղել։
ՀԱՄԱՍ-ն Ալեքսանդրի ազատ արձակումն անվանել է մեկն այն քայլերից՝ ուղղված հրադադարի հաստատմանը, որի արդյունքում հումանիտար օգնություն մուտք կգործի պաղեստինյան անկլավ ավելի քան երկու ամսվա շրջափակումից հետո։Ամերիկացի պատանդի ազատ արձակման դիմաց, ըստ CNN-ի աղբուրի, Իսրայելը պաղեստինցի բանտարկյալների ազատ չի արձակի։
Ըստ համացանցում հրապարակված տեղեկությունների՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ը դեռ պահում է 59 պատանդի, որոնց կեսից ավելին, ենթադրաբար, մահացել են։
–00–ԱՀ