Կիև են ժամանել Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը և Մեծ Բրիտանիայի վարչապետը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը շաբաթ օրը՝ մայիսի 10-ին, ժամանել են Կիևի գլխավոր երկաթուղային կայարան: Այնտեղ նրանց դիմավորել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Մենք սպասում ենք կարևոր որոշումների և եվրոպական համերաշխության ու Ուկրաինային աջակցության հետագա ամրապնդման», – մեկնաբանել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը Մերցի, Մակրոնի և Սթարմերի այցը:
Երմակն իր հերթին ասել է. «Շատ աշխատանք, շատ քննարկման թեմաներ: Անհրաժեշտ է այս պատերազմն ավարտել արդար խաղաղությամբ: Անհրաժեշտ է Մոսկվային ստիպել համաձայնվել հրադադարի»:
Եվրոպացի քաղաքական գործիչները մայիսի 9-ին, ուրբաթ երեկոյան, X սոցիալական ցանցի իրենց էջերում հայտարարեցին Կիև մեկնելու մասին: «Ճանապարհին դեպի Կիև: Ուկրաինան կարող է հույսը դնել մեզ վրա», – գրել է Մերցը:
–00—ՅՄ