Շուշին չպետք է հիշել․ հրահանգ է իջել․ «Հրապարակ»

10/05/2025 Քաղաքական

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Արդեն երկրորդ տարին է, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված մայիսի 9-ի իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում Շուշիին. մայիսի 9-ը նաեւ Շուշիի ազատագրման օրն է: Կար ժամանակ, որ հայ ժողովրդի համար այդ օրը եռատոն էր, նաեւ՝ Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման օրը։ Հերիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մեզնից գողացան եռատոնը, անգամ չեն էլ հիշատակում, որ այդպիսի տոն է եղել։ Շուշիի մասին 2023 թվականին է վերջին անգամ Փաշինյանը հիշատակել․ «Վերջին տարիներին մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով:

Սա առաջին հերթին կապված է 2020թ. 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքների հետ, պատերազմի ընթացքում Շուշիի կորստով»։ Իսկ այս տարի ուղերձում Արցախի բանակի եւ Շուշիի մասին ոչ միայն բառ չկար, այլեւ տեղեկացանք, որ պետական բոլոր պաշտոնյաներին, այդ թվում՝ ՏԻՄ ղեկավարներին են «բարձր» մակարդակով հրահանգել, որ իրենց ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը։

Ուսումնասիրելով որոշ համայնքապետարանների ֆեյսբուքյան էջերը՝ Շուշիի ազատագրման մասին հիշատակում չգտանք։ Օրինակ Դիլիջանի «արու» համայնքապետ Դավիթ Սարգսյանը մայիսի 9-ի ուղերձում հիշել է միայն 1945թ․-ը։ Ամոթալի շքերթին միացել են նաեւ ՔՊ-ական մյուս համայնքապետերը։ Ընդդիմադիր որոշ համայնքապետեր ,այդուհանդերձ ,իրենց ուղերձներում հիշել են Եւ՛ Շուշին, եւ՛ Արցախը:»

 

–00—ԱՊ