«ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»․ Էրդողան

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կենտրոնակայանում հանդիպել է համակուսակից պատգամավորներին:

Հանդիպման ընթացքում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հնարավոր զինաթափման և ինքնալուծարման գործընթացին:

Նա վստահեցրել է, որ մոտ ժամանակներս ՔԲԿ-ը վայր է դնելու զենքերը, ապա նաև ինքնալուծարվելու է:

«Այսօր-վաղը ՔԲԿ-ը վայր կդնի զենքերը և կլուծարվի: Դրանից հետո բոլորիս համար նոր գործընթաց, նոր ժամանակաշրջան կսկսվի»,-ասել է նա:

Բացի այդ Էրդողանը նշել է, որ դրանից հետո քաղաքականության տեսանկյունից մեծ աշխատանք պիտի իրականացվի և հավելել, որ գործընթացը չարաշահելու մտադրություն ունեցողներ ևս կարող են լինել:

«Դրան էլ պետք է պատրաստ լինենք: Հեշտ գործընթաց չի սպասվում մեզ»,-եզրափակել է Թուրքիայի նախագահը:

Նշենք, որ թուրքական մամուլում ուշադրություն է հրավիրվում այն բանի վրա, որ «ՔԲԿ»-ի հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ փետրվարին կատարած ինքնալուծարման ու զենքերը վայր դնելու կոչից երկար ժամանակ է անցել, սակայն նման բան տեղի չի ունեցել։ Մինչդեռ Էրդողանը վստահեցնում է, որ ՔԲԿ-ը շուտով կինքնալուծարվի:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

–00—ՅՄ