Բախվել են մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարն ու «BMW»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում՝ Մասիս քաղաքի մուտքի մոտ, բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է, իսկ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը՝ կողաշրջվել:

2 ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտում, ինչի պատճառով էլ առաջացել է խցանում:

Օպերատիվորեն ժամանել է Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տողում բուժօգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու, ովքեր հրաժարվել են հիվանդանոց մեկնել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:  Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս պահին հեղուկ գազի ավտոմեքենայի վրա հատուկ փրփուր են լցնում՝ որպես հովացման աշխատանքներ:  Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և բուժօգնություն ստացած անձանց ինքնությունը:  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարը ամբողջությամբ բարձված է եղել մի քանի տոննա հեղուկ գազով:

–00–ԱՀ