Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև կրկնակի հարկումը բացառող կոնվենցիային
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության մայիսի 8-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում։
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) վավերացման անհրաժեշտությամբ:
Կոնվենցիան ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում: Կոնվենցիայով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը:
«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն Կոնվենցիան ենթակա է վավերացման:
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի միջազգային առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով Կառավարության կողմից գործուն քայլեր են իրականացվելու կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով:
–00–ԱՀ