Չպետք է լինեն անվայելուչ դրսևորումներ.Մայր Աթոռը՝ Ռուսիո Պատրիարքին ուղղված քննադատությունների մասին

24News-ը դիմել էր Մայ Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատավական կենտրոն՝ խնդրելով մեկնաբանել Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի այցը Բաքու, որտեղ նա պարգևատրել էր Մեհրիբան Ալիևային շքանշանով, ինչպես նաև այս առնչությամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հաղորդագրությունը։

Հարց. Ի՞նչ է Ձեր կարծիքը Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի կողմից Մեհրիբան Ալիևային Սուրբ Օլգայի շքանշանով պարգևատրելու և այս առնչությամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հաղորդագրության մասին։

Պատասխան. Պատշաճ չենք նկատում որևէ Եկեղեցու կողմից շնորհվող պարգևները քննարկման առարկա դարձնել։ Հարկ է նկատի ունենալ, որ ինչպես Ռուս Ուղղափառ Եկեղեցին, այնպես և Կաթոլիկ Եկեղեցին և մյուս Եկեղեցիները ունեն պարգևների բաշխման հաստատված կանոնակարգ և ելնելով իրենց եկեղեցական ընթացակարգերից՝ կատարում են պարգևաբաշխումներ։

Պարգևատրման նշյալ իրողությունը առաջ է բերել որոշակի դժգոհություն՝ պայմանավորված Արցախի շուրջ վերջին ողբերգական զարգացումներով, սակայն դա պատճառ չպետք է լինի զգացմունքայնության անվայելուչ դրսևորումների, առավել ևս՝ ոչ ընդունելի գնահատականներով, ոճով ու բառապաշարով Եկեղեցու Հովվապետի կամ Եկեղեցու թիրախավորման։

Հարկավորության պարագային խնդիրները կարգավորելի են միջեկեղեցական հաղորդակցության հարթակներում։ Ռուս Ուղղափառ Եկեղեցին Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի առաջնորդությամբ մշտապես, հատկապես պատերազմի դժվարին ժամանակաշրջանում զորակցություն է բերել արցախահայությանը, ներդրում ունեցել արցախյան հուշակոթողները ոչնչացումից փրկելու, ի մասնավորի Դադիվանքի կենսագործունեության ապահովման մեջ և այսօր էլ շարունակում է միջնորդական ջանքեր գործադրել ռազմագերիների ազատ արձակման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։

–00–ՀԱ