Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել միմյանց

Ուկրաինական ուժերը գիշերն անօդաչու թռչող սարքեր են արձակել Ռուսաստանի 11 մարզերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ խոցվել է 105 ԱԹՍ։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր հերթին հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են դեպի Մոսկվա թռչող 19 ԱԹՍ։ Անօդաչուների բեկորներն ընկել են Մոսկվայի Կաշիրսկի մայրուղու վրա։ Տուժածներ չկան։

Ռոսավիացիան հայտարարել է Ռուսաստանի տարբեր մարզերի օդանավակայանների, այդ թվում՝ Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանների աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին։

Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով ուկրաինական իշխանություններին, հաղորդում է, որ Օդեսայում ռուսական ԱԹՍ-ների հարվածներից զոհվել է տեղի 29-ամյա բնակիչ, ևս մեկ 19-ամյա երիտասարդ վիրավորվել է։ Բացի այդ, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ, մասնավոր բնակելի տներ, ուսումնական հաստատություն, պահեստներ, մեքենաներ։

Իսկ Խարկովում ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով շուկաներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժել է չորս մարդ, այրվել է շուրջ 100 առևտրային օբյեկտ։ Վնասվել են բազմաբնակարան շենք, արտադրական շենք, մեքենաներ։

–00–ԱՀ