Հաստատվել է Հանրային հեռարձակողի խորհրդի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի կազմը
05/05/2025
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Մայիսի 5-ին կայացած հերթական նիստում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը միաձայն հաստատեց Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի կազմը։
Մրցութային հանձնաժողովն այն մարմինն է, որը որոշելու է, թե ով է համալրելու Հանրայինի հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղը՝ կարևորագույն դերակատարներից մեկը հանրային հեռարձակման անկախության, արժեհամակարգի և զարգացման գործում։
Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ՝
- Սամվել Սևադա (Գրիգորյան) – ճանաչված գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ
- Րաֆֆի Մովսիսյան – կինոքննադատ, պրոդյուսեր և ռեժիսոր՝ հայտնի իր խորագիտությամբ և ճաշակով
- Էլմիրա Արսենյան – «3-րդ ալիքի» տնօրեն, մի շարք հեռուստանախագծերի հեղինակ և պրոդյուսեր
- Սեյրան Շահսուվարյան – վաստակավոր լրագրող, ռեժիսոր, նախկին քաղաքական և ռազմական գործիչ
- Գրիգոր Խաչատրյան – դերասան և ռեժիսոր, բեմի և էկրանի փորձառու մասնագետ:
Նշենք, որ նախաձեռնված կարգով ընդունված որոշումը ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից։ Հանձնաժողովը իր լիազորություններն իրականացնում է մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու պահից:
–00—ՅՄ