Աբովյան-Առինջ երթուղին սպասարկող թիվ 48 «Газель»-ը բախվել է երկաթե սյանն ու գազախողովակին

Այսօր՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:10-ի սահմաններում Աբովյան-Առինջ ճանապարհը սպասարկող թիվ 48 երթուղու մարդատար «Газель»-ը Առինջ գյուղում՝ Ձագավանքի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե սյանն ու գազատար խողովակին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վիրավորներից 4-ին փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ օրվա պատասխանատու, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

–00–ԱՀ