Զելենսկին հայտնել է, թե Վատիկանում ինչ են խոսել Թրամփի հետ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել են հակաօդային պաշտպանության համակարգերը և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:
Զելենսկին այդ հանդիպումն անվանել է երկուսի միջև կայացած երբևէ լավագույն հանդիպումը։
Նշվում է, որ Զելենսկին և Թրամփը համաձայնել են, որ Կիևի և Մոսկվայի միջև 30-օրյա հրադադարը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար ճիշտ առաջին քայլն է։
Զելենսկին ասել է, որ նախորդ շաբաթ Թրամփի հետ զրույցում բարձրացրել է պատժամիջոցների թեման, և որ Թրամփի պատասխանն այս հարցի վերաբերյալ «շատ կոշտ» է եղել։ Ուկրաինայի նախագահն այլ մանրամասներ չի հաղորդել:
–00—ՅՄ