Ֆրանսիական պատվիրակության հետ Մատենադարանում համագործակցության հուշագիր է ստորագրվել

Ֆրանսիայի ազգային գրադարանի և Ֆրանսիայի մշակութային ժառանգության ազգային ինստիտուտի և Խարտիաների ազգային դպրոցի պատվիրակությունները այցելել են Մատենադարան։ Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են Մատենադարանի թանգարանում, այցելել Վերականգնման և Թվայնացման բաժիններ, ծանոթացել հին ձեռագրերի վերականգնման և պահպանման գործընթացին։

Ֆրանսիայի Ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն, ծանոթանալով Մատենադարանի գիտական և գիտատեխնիկական գործունեությանը, մեծապես կարևորել է համագործակցության խորացումը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով մշակել համագործակցության հուշագիր։ Հիշեցնենք, որ 2024 թ․ նոյեմբերին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ Ֆրանսիայի մշակութային ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնայի նախաձեռնությամբ, այցելել էր Ֆրանսիայի Ազգային գրադարան և Խարտիաների ազգային դպրոց։

Համագործակցության հիմնական ոլորտներից է գրավոր ժառանգության վերականգնումը, որի համար, Մատենադարանի հրավերով, Ֆրանսիայի Ազգային գրադարանի աշխատակիցները կմասնակցեն հոկտեմբերին կայանալիք «Հիշողության կերապարանքները» սեմինարին։ Համագործակցությունը ենթադրում է նաև փոխադարձ միջոցառումներ և նախաձեռնություններ թվային տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության գործադրման ոլորտում, ինչպես նաև համատեղ գիտական ուսումնասիրությունների իրականացում, փոխադարձաբար հետաքրքրող ֆոնդերի ուսումնասիրում, որոնք պահպանվում են Մատենադարանում և Ֆրանսիայի Ազգային գրադարանում։

 

–00—ՍՊ