Չախոյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնելու համար չի կազմակերպվել դատաբժշկի այցը ԲԿ․ փաստաբան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

Ինչպես գիտեք, Նոր Նորքի թաղապետի և իր հանցակիցների կատարած հանցագործությունների արդյունքում Արթուր Չախոյանին պատճառվել էին մարմնական վնասվածքներ, որոնց արդյունքում վերջինս հոսպիտալացվել էր ու մինչև այժմ ստացիոնար բուժում է ստանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում, գրում է փաստաբան Վահե Եփրիկյանը։
«Քննիչի կողմից նախորդիվ իրավացիորեն կայացվել էր Արթուր Չախոյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու որոշում, որը, սակայն, անհնարին է, քանի որ ըստ բժիշկների` Ա. Չախոյանը դեռ պետք է շարունակի ստանալ համապատասխան բուժում և քանի դեռ դուրս չի գրվել ԲԿ-ից, չի կարող այցելել դատաբժշկի` փորձաքննության ենթարկվելու։
Հարկ եմ համարում իրազեկել, որ չի կազմակերպվել նաև դատաբժշկի այցը ԲԿ տեղում Ա. Չախոյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնելու համար, որպիսի հանգամանքով պայմանավորված` այսօր պաշտպանության կողմն է հանդես եկել համապատասխան միջնորդությամբ։
Հատկանշական է, որ Ա. Չախոյանի նկատմամբ փորձաքննության իրականացման հապաղումը կարող է բացասաբար անդրադառնալ վերջինիս ստացած վնասվածքների իմաստով ճիշտ հետևությունների հանգելու, օբյեկտիվ եզրակացություն կայացնելու համաի, ինչը էական նշանակություն կարող է ունենալ Նոր Նորքի թաղապետի ու իր հանցակիցների իրականացրած գործողություններին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու կապակցությամբ»։
–00—ՅՄ