Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի պատժամիջոցներին. Իրանի ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները նպատակ ունեն խաթարել զարգացող երկրների միջև հարաբերությունները։ Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին։
«Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանի և մի շարք այլ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ Իրանի հետ տարբեր տնտեսական ոլորտներում նրանց համագործակցության պատրվակով»,-դիվանագետի խոսքերն է մեջբերվում հանրապետության արտաքին գործերի նախարարության «Տելեգրամ» ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Բաղաեին ընդգծել է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը վկայում է ամերիկյան իշխանությունների հակասական մոտեցման, դիվանագիտական գործունեության մեջ բարի կամքի և լրջության բացակայության մասին։ Նա նշել է, որ իրանական ժողովուրդը կդիմադրի սպառնալիքի և ճնշման քաղաքականությանը՝ օգտագործելով բոլոր հասանելի միջոցները՝ երկրի անկախ և արժանապատիվ զարգացումը շարունակելու համար։
–00—ՅՄ