Ավտովթար՝ Երևանում. «Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենաների և կողաշրջվել

Այսօր՝ մայիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաննեոում Երևանի բնակիչ 47-ամյա Արմինե Հ.-ն իր վարած «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Hyundai» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր «Mazda»-ի վարորդին օգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է բժշկական օգնությունից:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սայադ Պետրոսյանն ու պարեկ Ավետիս Աբրահամյանը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:«Mazda»-ի վարորդը եղել է ամրակապված, ու հենց ամրագոտին է փրկել նրան, որ չի հայտնվել ավտոմեքենայից դուրս և նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

–00–ՀԱ