Քարտեզը. մի պատառիկ հուշ 2018 թ. մայիսի 1-ի Աժ նիստից. Սամվել Ֆարմանյան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

ՀՀ երրորդ նախագահի մամուլի նախկին քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի գրառում է արել, որում ասված է.
«Քարտեզը. մի պատառիկ հուշ 2018 թ. մայիսի 1-ի Աժ նիստից
Այդ օրն ԱԺ-ում անսովոր լռություն էր: Ու այդ լռության մեջ ամեն բան կար՝ մեծ աղմուկ, լարվածություն, սպասում, ափսոսանք, զայրույթ, անորոշություն, լավատեսություն, անարդարություն, ցավ, կասկած, վախ, զարմանք…
Զարմանք հատկապես ԱԺ որոշ գործընկերների պահվածքից: Դեռ երեկ ամենավերջին բառերով էին բնորոշում Նիկոլին, բայց հիմա, հեղափոխականի յափնջին ուսերին, էնպիսի զզվանքով ու ատելությամբ, էնպիսի հաղթական հայացքով էին նայում պարտված իշխանության պատգամավորներին, որ մնում էր խաչակնքվել: Անմոռանալի էր հատկապես գործարար պատգամավորների դեմքի լարվածությունն ու տագնապը:
Րոպեներ անց նիստերի դահլիճում քվեարկվելու էր վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ելույթներն ավարտվել էին: Հանրապետության հրապարակում մոտալուտ վերջնական հաղթանակի համը զգացած հայ ժողովուրդն էր, ԱԺ-ում՝ գլխատված իշխանության փլատակները:
Աշխատասենյակներում, միջանցքներում, ամեն անկյունում թևածում էր հրապարակից եկող հզոր էներգիան: Բոլորն ուղիղ եթերում կլանում էին այնտեղից եկող ահռելի ճնշումը:
Մի խումբ պատգամավորներով իմ աշխատասենյակում էինք: Մի դրվագ անմոռաց է: Պատգամավորներից մեկը խանդավառված փաստարկում էր, թե ինչ երանելի հեռանկարներ կբացի հեղափոխությունը Հայաստանի համար արտաքին հարաբերություններում, հատկապես եվրոպական հեռանկարի տեսանկյունից:
Աշխատասենյակի պատիս աշխարհի քաղաքական քարտեզն էր:
«Կստացվի ճիշտ հակառակը. պրոցեսի վերջում Հայաստանը կհայտնվի այ այս պետության կողքին»- քարտեզի վրա ցույց տալով Բելառուսն, ասացի ես:
Միասին դուրս եկանք իմ աշխատասենյակից: Ես վերջում: Ընդունարանում որսացի օգանականներիս՝ Էլենի ու Տաթևի ինձ ուղեկցող ու զուսպ կարեկցանքով լի խոսուն հայացքը: Զգացի, որ ուզում են ինչ որ բան ասել, հարցնել, բայց քաշվում են:
Ոտքս կախ գցեցի: Երբ գործընկերներս արդեն դուրս եկան ու ընդունարանում մնացինք մենակ, հարցրի.
«Երեխեք, ճի՞շտ եմ հասկանում, որ ինչ-որ բան եք ուզում ասել, հարցնել, բայց չեք արտահայտվում»:
Տաթևի ու Էլենի հայացքը փոխվեց.
-«Հաա… Կողմ եք չէ՞ քվեարկելու, պարոն Ֆարմանյան»:
Դե այդ պահին, միայն Էլենին ու Տաթևին չէ, այլ ողջ հայությանը հետաքրրքող միակ հարցն էր, թե որ պատգամավորն ինչպես կքվեարկի, կընտրվի՞ Նիկոլը վարչապետի պաշտոնում, թե ոչ:
-«Չէ, դեմ եմ քվեարկելու, երեխեք»- պատասխանս էլ ավելի սրեց Տաթևի ու Էլենի դեմքերից կաթացող կարեկցանքն ու ափսոսանքը:
Երկուսին էլ ճանաչում էի տարիներ: Նրանց սրտում ու մտքում, ինչպես բոլոր նվիրված օգնականների պարագայում է լինում, այդ պահին մի բան էր՝ իրենց ղեկավարը հանկարծ չդառնա հանրային աճող ատելության թիրախ, ինչն այդ օրերին ճախրում էր ԱԺ պատերից դուրս ու սոցիալական ցանցերում: Որովհետև, իրենց աչքում ես այդ ատելությանն արժանի չէի: Իրենց աչքում դա անարդար կլիներ:
«Լա՜վ էլի, ժողովրդին դեմ մի գնացեք…»,- շատ հարազատ մարդու կիսաձայն կարեկցանք-խնդրանք: Մոտավորապես այնպես, ինչպես լինում է, երբ մարդը գիտակցում է, որ վերջին անգամ է շփվում իրեն հարազատ մեկի հետ կամ նրան իր վերջին խոսքն է փոխանցում:
Աշխատասենյակիս ընդունարանի պատին արդեն ՀՀ ու Արցախի վարչաքաղաքական քատեզն էր:
«Երեխեք, էս քվեարկությունը ժողովրդի մասին չի: Էս քվեարկությունը սրա մասին է», – արդեն դուրս գալով սենյակից մատնացույց արեցի Լեռնային Ղարաբաղը, – «Ու ես չեմ կարող հետո ապրել էսքանն իմանալով, բայց հիմա կողմ քվեարկելով»:
Դուրս եկա: Հետո արդեն մնացածը: Դեմ քվեարկություն, սև ժապավեն և այլն:
Ու հիմա, այդ ամենից ու տեղի ունեցած աղետից տարիներ անց, կրկնակի մղկտալի է, երբ ինչ-ինչ սրիկաներ, իրենց անտեղյակի տեղ դրած, հարց են տալիս՝ բա դուք ի՞նչ գիտեիք, որ Նիկոլին իշխանության են բերում Արցախը քամուն տալու համար, ինչու՞ էիք այդ մասին խոսում 2018-ից հետո՝ Նիկոլին մղելով ոչմիթիզականութան և այլն:
Ես ոչ առաջինն էի, ոչ միակն էի, ոչ մարգարե էի ու ոչ էլ գաղտնի տեղեկությունների տիրապետող մեկը: Աչք ունեցողն այդ օրերին չէր կարող չտեսնել «համաժողովրդական շարժման» ու «հեղափոխության» հետևում թաքնված աշխարհաքաղաքական կենտրոնների սուր ականջները:
Ու մնում էր մի շա՜տ պարզ հարցի պատասխանել՝ ի՞նչից են դժգոհ, ի՞նչ են ուզում արտաքին այդ ուժերը, որ բոլոր կարմիր գծերը հատելով, այսքան ռեսուրս են դրել «հեղափոխության» գործն այս անգամ գլուխ բերելու համար:
Ի՞նչ ուներ Հայաստանը նրանց տալու:
Արցախը…»։
–00–ԱՀ