ՄԹ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը խնամատարության համակարգում
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով նախարար Դեյվիդ Լամմին ուղերձով դիմել է Հայաստանին՝ ողջունելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքներն ուղղված խնամատարության ինստիտուտի զարգացմանը և նման համաժողովների Հայաստանում անցկացմանը։
Դեյվիդ Լամմիի ուղերձը հրապարակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Լամմին ընդգծել է՝ իր ընտանիքի համար որդեգրումը եղել է ամենաարդյունավոր ու ուրախությամբ լի որոշումներից մեկը։
«Լավագույն բանը, որ ես և կինս երբևէ արել ենք՝ բացի երկու որդի ունենալուց՝ մեր աղջկան որդեգրելն էր։ Ընտանիք լինելը մեզ բոլորիս այնքան մեծ ուրախություն է պարգևել։ Դա այն ուրախությունն է, որ ես ուզում եմ զգա յուրաքանչյուր երեխա։ Ահա թե ինչու մեկնարկեցի գլոբալ արշավ դերասան Բարրի Քիոգանի և գործընկեր երկրների հետ՝ չորս մայրցամաքներում՝ առաջնորդելու խնամքի բարեփոխումը, և նպաստելու, որ յուրաքանչյուր երեխա մեծանա սիրող ընտանեկան միջավայրում»,- ասել է Լամմին։
Նրա խոսքով՝ աշխարհում ավելի քան 5 միլիոն երեխա մեծանում է խնամքի հաստատություններում՝ առանց սիրող ընտանիքի։
«Տուժում են նրանք, տուժում են նաև նրանց համայնքները։ Բարրին և ես հույս ունենք խրախուսել աշխարհի բոլոր երկրներին՝ ընդունել բարեփոխումներ՝ միանալով նոր գլոբալ կանոնադրությանը։
Ես անչափ երախտապարտ եմ Care for Children կազմակերպությանը՝ մեր արշավին աջակցելու համար։ Դուք համաշխարհային մակարդակով աշխատել եք այս ուղղությամբ երկար-երկար տարիներ՝ վստահեցնելով համայնքներին և կառավարություններին ընտանիքահենք խնամքի ընդարձակ առավելությունների մասին։ Շնորհակալություն»,-նշել է ԱԳ նախարարը։
Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունն այն կառավարություններից է, որի հետ կազմակերպությունը սերտորեն համագործակցում է։
«Կառավարություններից մեկը, որի հետ դուք սերտորեն աշխատում եք՝ Հայաստանն է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը՝ այս համաժողովը hյուրընկալելու և այն ամբողջ աշխատանքի համար, որն իրականացնում եք Ձեր երկրում ու տարածաշրջանում՝ այս գործընթացն առաջնորդելու համար։
Այս արշավի ամենահուզիչ պահերից մեկն այն էր, երբ իմացանք ամբողջ աշխարհում առկա բազմաթիվ օրինակների մասին, որտեղ խնամքի բարեփոխումները հսկայական փոփոխություններ են բերում, օրինակ՝ Հայաստանում կամ Բուլղարիայում, որտեղ Բարին և ես մեկնարկեցինք մեր արշավը։
Ես ուզում եմ, որ նման օրինակները դառնան կանոն։ Հուսով եմ, որ համաժողովի շրջանակներում կկարողանանք այս գործընթացում ներգրավել նոր համախոհների, որպեսզի ավելի շատ երկրներում ավելի շատ երեխաներ զգան սիրող ընտանիքի մաս լինելու ուրախությունը։ Անչափ շնորհակալ եմ»,-եզրափակել է Լամմին։
–00—ՅՄ