Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանում բարձրաձայնվել է հայ գերիների վերադարձի հարցը

Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ավստրալիա կատարած այցի շրջանակներում Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ այցելել է Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարան և հանդիպել Ավստրալիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահներ Հյու Մակ Դերմոտին և Թիմ Ջեյմսին։ Հանդիպման առանցքում Արցախի ժողովրդի իրավունքներն էին՝ միջազգային հումանիտար աջակցություն, Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակում, արցախցիների հավաքական վերադարձ և պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանություն․

«Պատիվ եմ ունեցել նաև այցելելու Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի թեմի առաջնորդարան, որտեղ կայացած հանդիմանը ներկայացրել եմ Արցախի հայության ներկա վիճակը, մեր առջև ծառացած մարտահրավերները և դրանց լուծումների մեր տեսլականը։

ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարանում և Համազգային միության ներքո գործող «Արշակ և Սոֆի Գոլստըն» վարժարանում հաճելի առիթ եմ ունեցել շփվելու կրթօջախների ուսուցիչների և սաների հետ, ծանոթանալու հայապահպանության ուղղությամբ կատարվող հսկայան աշխատանքին։

Ամփոփելով Ավստրալիա կատարած այցս՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանին, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Միքայել Քոլոքոսյանին, ՀՅԴ Ավստրալիայի կենտրոնական կոմիտեին, Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցությանն ու ավտրալահայ համայնքի բոլոր կազմակերպություններին՝ ջերմագույն ընդունելության և ցուցաբերած ուշադրության համար»,- հայտնել է Ստեփանյանը։

–00—ՍՊ