Բեգլարյանը Կոնգրեսում կոչ է արել ճանաչել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, պատժամիջոցներ կիրառել
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Պաշտոնապես ճանաչել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը որպես Հայոց ցեղասպանության շարունակություն, կիրառել պատժամիջոցներ բոլոր այն ադրբեջանցիների նկատմամբ, ովքեր պատասխանատու են զանգվածային այդ վայրագությունների համար, Ադրբեջանին տրամադրվող ցանկացած ամերիկյան օգնություն պայմանավորել մարդու իրավունքների չափելի բարելավումներով, այդ թվում՝ այնտեղ գտնվող հայ պատանդների ազատ արձակմամբ, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի կոչն էր ԱՄՆ Կոնգրեսին:
Արցախցի նախկին պաշտոնյան Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում կազմակերպված լսումների ընթացքում հորդորեց նաև ուժեղացնել դիվանագիտական ճնշումը Ադրբեջանի վրա՝ ապահովելու արցախցիների վերադարձը հայրենիք՝ միջազգային ամուր պաշտպանության մեխանիզմներով:
«Երեք տարվա ընթացքում Ադրբեջանը հաջողությամբ իրականացրեց լիակատար ցեղասպանություն իմ ժողովրդի՝ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Եվ սա հանկարծակի ողբերգություն չէր։ Սա միտումնավոր և մեթոդական գործողություն էր՝ արդյունավետ մարդասիրական շրջափակմամբ և սովով, ռազմական հարձակումներով, քաղաքացիական բնակչության սպանություններով, մեր առաջնորդների և այլ հայրենակիցների անօրինական առևանգմամբ և բանտարկությամբ, մշակութային ժառանգության ոչնչացմամբ և բազմաթիվ այլ զանգվածային վայրագություններով», – հայտարարեց Բեգլարյանը:
Մոտ մեկուկես ժամ Միացյալ Նահանգների Կոնգրեսում երեկ քննարկում էին Ալիևի ռեժիմի կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները՝ Արցախի էթիիկ զտում, 23 հայերի գերեվարում, 300-ից ավելի քաղբանտարկյալներ, կոռուպցիա, լրագրողների հետապնդում, վերահսկվող լրատվական դաշտ:
Բանախոսների շարքում նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերն էր:
Նա կարծում է՝ Ալիևը պետք է պատասխանատվության ենթարկվի: Հեղինավոր իրավապաշտպանը կոչ արեց ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմին, Կոնգրեսին քայլեր ձեռնարկել՝ ցույց տալու, որ եթե Ալիևը գործողություններ չանի, կլինեն հետևանքներ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ