Սերգեյ Կիրիենկոն ՌԴ նախագահի աշխատակազմում դարձել է Հայաստանի հետ հարաբերությունների համակարգողը
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Կրեմլի ներքին քաղաքականության բլոկը նոր խնդիրներ ունի, պարզել է «Ведомости»-ն։ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն և նրան ենթակա գերատեսչությունների աշխատակիցները սկսել են զբաղվել Հայաստանի թեմայով, «Ведомости»-ին հայտնել են չորս դաշնային պաշտոնյաներ և Պուտինի հետ աշխատող երկու աղբյուր։ Այս գործառույթը Կրեմլի ներքին քաղաքականության բլոկին է փոխանցվել աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակից։
Ավելի վաղ Կիրիենկոյին հանձնարարվել էր այլ աշխատանքներ արտաքին ուղղությամբ։ Մասնավորապես, այժմ նա և իր աշխատակազմը պատասխանատու են Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մոլդովայի հետ աշխատանքի համար։ Ամեն դեպքում, սա, առաջին հերթին, նշանակում է ՌԴ նախագահի շահերից ելնելով աշխատանք, քանի որ դա կապահովի պետական խնդիրների կատարումը, ասում է «Ведомости»-ի զրուցակիցներից մեկը։
Հայաստանի հետ կապված իրավիճակում, այս փուլում, կիրականացվի տեղեկատվական, այլ ոչ թե ընտրական (էլեկտորալ) աշխատանք։ «ՀՀ ղեկավարությունը գնալով ավելի է թեքվում դեպի Արևմուտք, ինչը անընդունելի է Ռուսաստանի պետական քաղաքականության տեսանկյունից», – ասում է «Ведомости»-ի աղբյուրներից մեկը։ Նրա խոսքով՝ դեռևս խոսք չկա Կիրիենկոյի կողմից ԱՊՀ մյուս երկրներով (բացառությամբ Հայաստանի և Մոլդովայի) զբաղվելու մասին։
«Ведомости»-ի աղբյուրներից մեկը նշում է, որ Հայաստանում տեղեկատվական օրակարգի շուրջ աշխատանքներ են տարվում։ Նա հիշեցնում է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն 2026 թվականին։ Աղբյուրները նշում են, որ Հայաստանի համար խնդիրներ են դրված Ներքին քաղաքականության վարչությանը (ղեկավար՝ Անդրեյ Յարին), Հասարակական գործընթացների մոնիթորինգի և վերլուծության վարչությանը (Ալեքսանդր Խարիչև) և Հանրային նախագծերի վարչությանը (Սերգեյ Նովիկով)։
Կիրիենկոյի խնդիրը կլինի մեղմ ուժի կիրառումը Հայաստանում ռուսական շահերը առաջ մղելու համար։ «Նրանք կաշխատեն գրեթե նույն կերպ, ինչպես Աբխազիայում անցկացված վերջին ընտրությունների ժամանակ»։ Աղբյուրը ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանը միևնույն է կհաղթի հաջորդ ընտրություններում. «Բայց հիմա խնդիրը ընտրությունները չեն, այլ Ռուսաստանի ներկայությունն այնտեղ»։ Ներկայումս Հայաստանում ռուսամետ քաղաքական գործիչներ չկան, բացառությամբ նախորդների՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի, նշում է աղբյուրը. «Հետևաբար, այնտեղ Ռուսաստանի անունից խոսող չկա»։
–00—ՅՄ