Կառավարությունը 2 ամսով երկարաձգեց ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագիրը

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ  որոշում ընդունվեց, որով փոփոխություններ և լրացումներ կատարվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման ընթացակարգերում։

Փոփոխությունները վերաբերում են ՀՀ կառավարության 2024 թ. նոյեմբերի 21-ի N 1833-Լ և 2025 թ. ապրիլի 10-ի N 417-Լ որոշումներին, որոնք սահմանում են սոցիալական աջակցության միջոցառումներ տեղահանվածների՝ կեցության և կենսապահովման ծախսերը հոգալու համար։

2025 թ. ապրիլի 1-ից սկսած՝ աջակցության իրավունքը տրվել էր այն տեղահանվածներին, որոնք ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, ծանր ֆունկցիոնալ սահմանափակում, 63 և բարձր տարիք, կորցրել են կերակրողին կամ սովորում են հանրակրթական և մասնագիտական հաստատություններում, ինչպես նաև մինչև 18 տարեկան երեխաներին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման շրջանակում տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաև թիրախ խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին՝ միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը:

Սոցիալական աջակցության միջոցառումները կիրականացվեն ՀՀ 2025 թ. պետական բյուջեի շրջանակում՝ առանց հավելյալ բյուջետային ճնշման։

Խոսքն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 50 հազար դրամի աջակցության ծրագրի մասին է։

–00–ԱՀ