Երևանում իրանցի 21-ամյա երիտասարդը «գլխի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Փավստոս Բուզանդի փողոցում ինչ-որ մեկը կրակել է քաղաքացու վրա, ինչի հետևանքով նա արնահոսում է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր մեկնած Երևան 1-03 շտապօգնության բժիշկները «գլխի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր են տեղափոխել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 21-ամյա Մայքլ Փուլադիին, ում առողջական վիճակը եղել է ծանր։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

–00—ՅՄ