Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ Առողջապահության նախարարությունն է
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ Առողջապահության նախարարությունն է: Այս մասին տեղեկացնում են գերատեսչությունից:
Ավելի կուռ ու միասնական համակարգ ունենալու, աշխատանքները օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու համար, բուժծառայության հասանելիության ու որակի անընդմեջ բարելավման, ֆինանսական կառավարման, տնտեսական, կադրային, կազմակերպչական օրակարգով նախարարը հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ:
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները:
Նախարարի տեղակալներն անդրադարձել են իրենց համակարգման ոլորտի հիմնական ուղղությունները, դրանց կատարման ժամկետները:
Նախարարը հստակ պահանջ է դրել հատկապես ուշադիր լինել ծախսերի եկամուտների համամասնության ուղղությամբ:
Կարևորելով մարզային բժշկական կենտրոնների վերազինման գործընթացն ու ծառայությունների ընդլայնումը` առաջին փուլով մարզային 5 կենտրոն կհամալրվի համակարգչային շերտագրման (ԿՏ) սարքով:
Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ նախարարության կադրային ամբողջ ռեսուրսը պատրաստակամ է մարզային բժշկական կենտրոններին տրամադրելու համակողմանի աջակցություն:
–00—ՍՊ