Պապոյանն ու Խութադյանը գիշերել են Խնածախ գյուղում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում՝ տեղում առկա խնդիրներին, համայնքի առօրյային ու բնակիչների կարիքներին առավել խորությամբ ծանոթանալու նպատակով։

Առավոտյան նախարարները հանդիպել են Խնածախի բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հուզող հարցերին, իսկ այնուհետև հանդիպումները շարունակել Վաղատուր և Խոզնավար բնակավայրերում։

Նրանց ուղեկցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

Հանդիպումների ընթացքում նախարար Պապոյանն ընդգծել է, որ պետությունը մշտապես իր քաղաքացիների կողքին է և պատրաստ է քայլեր ձեռնարկել համայնքների զարգացման ու տնտեսական կայունության ապահովման ուղղությամբ։

Նախարարը բնակիչների հետ զրույցում ևս մեկ անգամ փաստել է, որ համայնքների, հատկապես՝ սահմանամերձ բնակավայրերի զարգացման հիմնական նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է, ինչը նաև բնակիչների կողմից է ողջունվել, նրանք նշել են, որ խաղաղության ապահովումն անհրաժեշտ պայման է համայնքների ավելի արդյունավետ զարգացման համար։

–00—ՅՄ