«Երկրի տնտեսության առաջնահերթ ոլորտը»․ նախարարները այցելել են Կապանի լեռնահարստացման կոմբինատ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։
Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ:
Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը կազմում է 600 հազար տոննա։
Նախարարները շրջել են գործարանում, ծանոթացել արտադրական կարողություններին։
«Հանքաարդյունաբերության ոլորտը մեր երկրի տնտեսության առաջնահերթ ոլորտներից է և Կառավարությունը պատրաստ է աջակցել Կապանի լեռնահարստացման կոմբինատին ներդրումային այնպիսի ծրագրերի իրականացման ընթացքում, որոնք կնպաստեն ընկերության կայուն զարգացմանը, արդյունավետության բարձրացմանն ու արտադրողականության ավելացմանը», ֊ շրջայցի ընթացքում նշել է Գևորգ Պապոյանը։
Ընկերության ղեկավարությունը ներկայացրել է կոմբինատի գործունեությունը, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, նշել, որ տարեկան արտադրողականության ծավալները ցանկանում են հասցնել մինչև մեկ միլիոն տոննայի։
Շրջայցին մասնակցել են նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Նարեկ Ղահրամանյանը, Կարեն Համբարձումյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, այլ պաշտոնյաներ։
–00—ՍՊ