Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում բազմաբնակարան շենք չի կարող կառուցվել. քաղաքապետարան
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

2024 թվականի ապրիլի 16-ին Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչների, թաղամասի կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ներկայացուցիչների և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո բնակիչների՝ քաղաքապետարան ուղարկված հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանը գրավոր հաստատել է, որ համաձայն հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի՝ Դավթաշեն վարչական շրջան, Անաստաս Միկոյան հ.64/7 հասցեում գտնվող հողամասը ներառված է ընդհանուր օգտագործման գոտում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Համաձայն գրության՝ նշված հասցեում կառուցապատման նպատակով նոր թույտվությունների տրամադրումը կհակասի գործող օրենսդրությանը։
Քաղաքապետարանից նաև հայտնել են, որ շահագործման թույլտվության ստացմանը հնարավոր կլինի անդրադառնալ միայն բազմաբնակարան համալիրի աշխատանքային նախագծերով սահմանված տարածքի բարեկարգման աշխատանքների ավարտից հետո։
Հիշեցնենք, որ Անաստաս Միկոյան 64 հասցեում բնակելի թաղամասի համաձայնեցված նախագծի մեջ է մտնում նաև վերոնշյալ՝ Միկոյան 64/7 հասցեով առանձնացված 0,4 հա հողամասը, որը որպես ընդհանուր օգտագործման տարածք նախատեսված է բարեկարգման և կանաչապատման համար:
–00–ԱՀ