Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական հրամայական է. Ինյարիտու

28/04/2025 Քաղաքական

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի բնորոշմամբ՝ պատմությունը ցույց է տալիս, որ երբ զանգվածային հանցագործությունները մնում են անպատիժ և չճանաչված, դրանց կրկնության հավանականությունը մեծանում է։ Պատգամավորի խոսքով՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական արդարության խնդիր է, այլև բարոյական հրամայական։

Իսպանացի պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադարձ կատարելով դիտարկմանը, որ չնայած բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ արդեն իսկ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան 110 տարի անց շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։

Ինյարիտուն շեշտել է, որ Թուրքիայի սիստեմատիկ ժխտումը սոսկ վիրավորանք չէ զոհերի հիշատակին, այն հավերժացնում է անպատժելիության մշակույթը։

«Թուրքիան ինստիտուցիոնալացրել է ժխտողականությունը՝ որպես պետական ​​քաղաքականություն՝ համատեղելով պատմական ռեվիզիոնիզմը, դիվանագիտական ​​ճնշումը, տնտեսական սպառնալիքները և միջազգային լոբբինգի միջոցով լավ ֆինանսավորվող ապատեղեկատվության արշավները: Այս մոտեցումը խաթարում է ճշմարտությունը, խեղաթյուրում է ներկան և փակում հաշտեցման ցանկացած իրական ճանապարհ»,-նկատել է պատգամավորը:

Ինյարիտուն, պատասխանելով հարցին, թե նման պարագայում ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը՝ բացի կոչերից ու հորդորներից, ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է դուրս գա խորհրդանշական հայտարարություններից կամ քաղաքավարի դիվանագիտությունից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ