Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ ֆեյսբուքի պաշտոնական էջը։
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ, մարզասերներ:
Հանրապետական՝ եզրափակիչ փուլին մասնակցել են Երևանի և մարզերի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացված մարզային փուլերում հաղթող թիմերը: Համայնքային փուլի մրցումներին մասնակցել է Երևանի և մարզերի 574 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան 3200 աշակերտ (շուրջ 810 թիմ):
10-12-րդ դասարանների պայքարում հաղթող է ճանաչվել Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Երևանի Ալեքսանդր Քեմուրջյանի անվան թիվ 170 ավագ դպրոցի թիմը:
5-9-րդ դասարանների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ տեղը գրավել է Երևանի թիվ 104 հիմնական դպրոցի թիմը, պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցի թիմը:
Ողջունելով մրցաշարի մասնակիցներին և շնորհավորելով մրցանակակիրներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը կարևորել է առողջ ապրելակերպն ու ֆիզիկական ակտիվությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև հորդորել է սպորտը դիտարկել որպես միջոց՝ մարդասիրական գաղափարների և արժեքների տարածման համար: Նա ընդգծել է արդար խաղի սկզբունքներն ու դրանց պահպանման կարևորությունը:
Մրցումների ավարտից հետո տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, ինչպես նաև դրամական պարգևներով: Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները կստանան դրամական խրախուսում. 1-ին տեղ՝ 4 մլն դրամ, 2-րդ տեղ՝ 2 մլն 500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 1մլն 500,000 դրամ: Պարգևատրվել են նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները. 1-ին տեղ՝ 700,000 դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 300,000 դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական դրամ, 2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական դրամ, 3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ։
Նախորդ տարվանից սկսած մրցաշարն անցկացվում է բացառապես դպրոցահասակ երեխաների շրջանում՝ երկու տարիքային խմբով, երկու փուլով:
–00—ՅՄ