Ռուբիոն ասել է, թե ինչու ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ, քանի որ չի ցանկանում վտանգել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Որովհետև մենք դեռ հույս ունենք, որ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը կաշխատեն դիվանագիտական եղանակով, և մենք կկարողանանք մերձեցնել երկու կողմերի դիրքորոշումները», – ասել է նա՝ NBC News-ին տված հարցազրույցում։ «Հենց որ սկսեք դա անել (պատժամիջոցներ կիրառել – ՏԱՍՍ), դուք կհեռանաք խաղաղ կարգավորումից»։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնն ունի և՛ լավատեսության, և՛ մտահոգության պատճառներ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման վերաբերյալ։
Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները առաջիկա շաբաթվա ընթացքում կփորձեն պարզել, թե որքանով երկու կողմերն էլ ցանկանում են խաղաղություն և որքանով են մոտ կամ հեռու նրանց դիրքորոշումները համաձայնագրի կնքման հարցում։ Վերլուծության արդյունքների հիման վրա Միացյալ Նահանգները կորոշի՝ շարունակե՞լ արդյոք իր ջանքերը ուկրաինական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու համար։
–00—ՅՄ