Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունն ու հետևանքները

«Գեղարդ» վերլուծական․

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 110-ամյակը:

1890-ական թվականներից սկսած՝ Օսմանյան կայսրությունում պետական քաղաքականություն էր դարձել արևմտահայերի ոչնչացումը, որն սկսեց սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը, ապա շարունակեցին երիտթուրքերն ու քեմալականները։ 1894-1922 թվականների ընթացքում բնաջնջվեց արևմտահայությունը, ոչնչացվեց հայկական պատմամշակութային ժառանգությունը։ Առաջավոր Ասիայի բնիկ, հնագույն ժողովուրդներից մեկը զրկվեց իր հայրենիքում բնակվելու իրավունքից։

Համիդյան վարչակարգի կողմից սկիզբ առած ցեղասպանության քաղաքականության (1894-1896 թվականներ) հաջորդ՝ առավել ցայտուն օրինակը Կիլիկիայի հայության 1909 թվականի ապրիլյան զանգվածային կոտորածներն էին, որոնք կազմակերպել էին երիտթուրքերը: Թեև վերջիններս իշխանության եկան «Ազատություն, հավասարություն և եղբայրություն» կարգախոսներով, սակայն իրականում առաջնորդվում էին պանթյուրքիզմի ծավալապաշտական գաղափարներով։ Առաջին աշխարհամարտի տարիներին (1914-1918 թվականներ) երիտթուրքական ղեկավարությունն առավել մեծ ծավալներով շարունակեց հայերին ոչնչացնելու քաղաքականությունը։ Ցեղասպանության ընթացքում թուրքական պետությանն անցավ նաև հայերի հսկայական ունեցվածքը։

Չնայած այդ ամենին՝ դեռևս 1915 թվականի մայիսի 11-ին Անտանտի երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսաստան) կողմից ընդունվել էր համատեղ հայտարարություն, որով նրանք դատապարտում էին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային սպանությունները: Ավելին՝ այդ հանցագործության ճանաչման և նրա կազմակերպիչներին պատժելու առաջին քայլը կատարվել էր դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո երիտթուրքերին փոխարինած թուրքական նոր կառավարության կողմից։ 1919 թվականի հունվարին ռազմական դատարաններում հետաքննություն իրականացվեց երիտթուրքական կառավարության, «Թեշքիլաթը մահսուսե»-ի («Հատուկ կազմակերպության») ղեկավարների, «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամների նկատմամբ: 1919 թվականի հուլիսի 5-ի դատավճռով 31 հանցագործներից 4-ը` Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Ներքին գործերի նախարար, երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ ու մեծ վեզիր Մեհմեդ Թալեաթ փաշան, Ռազմական նախարար Իսմայիլ Էնվեր և Ծովային նախարար, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սիրիայում թուրքական 4-րդ բանակի հրամանատար Ահմեդ Ջեմալ փաշաները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի և «Թեշքիլաթը մահսուսե»-ի անդամ դոկտոր Նազըմը հեռակա դատապարտվեցին մահվան: 27 մեղադրյալների մեծ մասին դատապարտեցին ազատազրկման, մի մասին էլ աքսորեցին: Սակայն հետագայում նրանցից շատերը վերադարձան աքսորից և նույնիսկ բարձր պաշտոններ զբաղեցրին արդեն Հանրապետական Թուրքիայում: Փաստորեն՝ երիտթուրքերին հաջորդած քեմալականները ոչ միայն չդատապարտեցին իրենց նախորդների արարքները, այլև 1920-1922 թվականներին նույն քաղաքականությունը շարունակեցին Կիլիկիայում, Հայաստանի Առաջին Հանրապետությունից գրավված տարածքներում, Զմյուռնիայում և այլուր։

1943 թվականին թուրքական կառավարության խնդրանքով Թալեաթը արտաշիրիմվեց և պետական հուղարկավորությամբ թաղվեց Ստամբուլի Ազատության հուշարձանում՝ որպես ազգային հերոս։ Ստամբուլի կենտրոնական՝ Շիշլի թաղամասում կառուցվեց Էնվերի դամբարանը: Նրանց անուններով Թուրքիայում և այլ երկրներում կոչվեցին մզկիթներ, դպրոցներ, բնակելի շենքեր և փողոցներ:

Հետագայում այս քաղաքականությունը որդեգրեց Արևելյան Այսրկովկասում նաև օսմանյան բանակի շնորհիվ կյանքի կոչված Ադրբեջան պետությունը։ Արդեն Մուսավաթական Ադրբեջանի իշխանության տարիներին՝ 1918-1920 թվականներին, երիտթուրքերի աջակցությամբ իրականացվեց Բաքվի հայության կոտորածը։ Այդ ցեղասպան քաղաքականությունը տարածվեց նաև Արևելյան Այսրկովկասի այլ բնակավայրերում, Արցախում, Նախիջևանում և այլուր։ Չնայած խորհրդային տարիներին ադրբեջանական իշխանությունները չէին կարող շարունակել այդ քաղաքականությունը, սակայն, օգտվելով ԽՍՀՄ-ի՝ վերջին տարիներին տիրող խառը իրավիճակից, նրանք 1988-1991 թվականներին շարունակեցին հայատյաց քաղաքականությունը՝ իրականացնելով Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի կոտորածները։

1991 թվականին նորանկախ Ադրբեջանի Հանրապետության կողմից իրագործված հանցագործությունների անպատժելիությունն ու համարժեք քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունը բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանում պետական մակարդակով հայերի նկատմամբ ատելության մթնոլորտի խորացման համար։ Արցախի դեմ Ադրբեջանը ցեղասպանական ակտեր իրականացրեց 2016 թվականի ապրիլին, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Ադրբեջանի իշխանությունների՝ հայերի դեմ վարվող էթնիկ զտման հետևողական քաղաքականության հետևանքով 2023 թվականի սեպտեմբերին հայաթափվեց Արցախի Հանրապետությունը։

Ինչպես ներկայիս Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում հայերի նկատմամբ առավել դաժանությամբ աչքի ընկածներին շարունակում են հերոսացնել։ Այդպես՝ Ադրբեջանի զինված ուժերի «Գուրթուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը, Ռամիլ Սաֆարովը և ուրիշներ ստացան Ադրբեջանի ազգային հերոսի կոչում։ Դահիճների ու ոճրագործների անուններով հրապարակներ, փողոցներ անվանակոչվեցին:

Ցավոք սրտի, թուրքական տարբեր իշխանությունների կողմից իրականացված զարհուրելի հանցագործությունը ոչ միայն չընդունվեց և չդատապարտվեց Թուրքիայի ներկայիս իշխանությունների կողմից, այլև ոգևորեց և նոր հանցագործությունների դրդեց «եղբայրական» ադրբեջանական իշխանություններին։ Վերջիններիս համար հայասպան Աբդուլ Համիդը, Թալեաթը, Էնվերն ու այլք հերոսացված կերպարներ դարձան։

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը․․․

–00—ՍՊ