Բաքվի ժխտողականությունը ցեղասպանական գործողությունները պրակտիկ իրականացնելու ռազմավարության մասն են

«Գեղարդ» վերլուծական․ Թուրքիայից բացի՝ Հայոց ցեղասպանության ժխտողականության գործին ակտիվորեն լծված է նաև Ադրբեջանը, ով պարբերաբար հանդես է գալիս ցեղասպանությունը հերքող հայտարարություններով։ Ադրբեջանի ղեկավարությունը, «գիտական շրջանակը», մամուլը կազմակերպում են միջոցառումներ, կեղծում են փաստեր՝ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով հայերի հասցեին։ Նման միջոցառումները տեղի են ունենում հատկապես Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին։ Այսպես՝ ապրիլին Անկարայում Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ տեղի է ունեցել պանելային քննարկում «Հարավային Կովկասում և Անատոլիայում թյուրքերի դեմ հայկական վայրագությունները» անհեթեթ խորագրով։ Միջոցառմանը Թուրքիայի պատմական ընկերության նախագահ, «պատմաբան» Յուքսել Օզգենը նշել է, թե «հայկական վայրագությունների թեման բավարար լուսաբանված չէ», իբրև թե «հայերը զանգվածային սպանություններ են կազմակերպել ու վերագրել թուրքերին», և որ «ձեռքի տակ ունեն արխիվներից հավաքած տեղեկություններ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի դեմ հայերի վայրագությունների» մասին։ Ի հավելումն դրան՝ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովն ասել է, որ «իմպերիալիստական ուժերն են հայերին հրահրել ցեղասպանության թյուրքերի դեմ»։

Հարց է առաջանում՝ եթե արխիվներից տեղեկություններ են հավաքել, և թեման էլ բավարար չափով լուսաբանված չէ, ապա ինչո՞վ են այսքան տարի զբաղված եղել Օզգենն ու նրա նման պատմություն կեղծողները։ Զլացե՞լ են լուսաբանել, թե՞ ժամանակ չեն ունեցել անդրադառնալու թեմային։ Կամ՝ եթե «հայերն են կոտորել թյուրքերին Անատոլիայում», ինչու՞ այնտեղ այսօր հայ չի մնացել։

Նման ժխտողական «փաստարկները» իրականում ոչ այլ ինչ են, քան՝ հայելային մեղադրանքներ։ Նման «փաստարկները» կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ ուղիղ ժխտում՝ նման բան չի եղել, և ավելի խորամանկ ժխտում, այսինքն՝ տեղի ունեցածի անտեսում, դրա նշանակության փոքրացում, ռացիոնալացում՝ «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բարդ իրադրությանը» հղում անելը, «այլ ուժերի կողմից հայերին Օսմանյան կայսրության դեմ օգտագործելը», հայերին դավաճանության մեջ մեղադրելը և այլն։ Այս բոլոր կեղծ փաստարկներն ու արդարացումներն առկա են նաև ադրբեջանական ժխտողական քաղաքականության «զինանոցում»։

2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից առաջ, Իլհամ Ալիևը պատրաստակամություն էր հայտնել ժխտողականության հարցում աջակցել Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանին։ «Թուրքիան և Ադրբեջանը համատեղ հակազդելու են հայերի՝ ցեղասպանության մասին ստերին»,-ասել էր Ալիևը։

2021 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ամենամյա ուղերձում օգտագործել էր Հայոց ցեղասպանություն եզրը, Ալիևը Բայդենի որոշումը որակել էր պատմական սխալ, որը տարածաշրջանում «լուրջ հարված է համագործակցությանը»։

Ադրբեջանական ջանքերը չեն սահմանափակվում միայն ժխտողականության հարցում Թուրքիայի կողքին կանգնելով։ Ադրբեջանում և այդ երկրի սահմաններից դուրս իրականացվում են այսպես կոչված մշակութային, հակագիտական միջոցառումներ։ Երբեմն հեղինակավոր հրատարակչությունների և որոշակի համբավ ունեցող գիտնականների միջոցով հրատարակվում են գրքեր՝ տարածելով նաև Հայոց ցեղասպանության ժխտողականության նարատիվը։

Թուրքական ժխտողականության քաղաքականությունն Ադրբեջանի համար ոգևորիչ է։ Վերջինիս աջակցությունը Թուրքիային մեկ այլ նպատակ է հետապնդում՝ Ադրբեջանն ինքն է փորձում ժխտել հայկական ներկայությունը տարածաշրջանում։ Բաքվի ժխտողականությունն, իր ագրեսիվ, քսենոֆոբիկ քաղաքականությունը, ցեղասպանական գործողությունները պրակտիկ իրականացնելու ռազմավարության մասն են։

–00—ՍՊ