Հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24/04/2025 Քաղաքական
Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ:
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին՝ լինելով զգոն բռնության և անհանդուրժողականության բոլոր տեսակների դեմ։
Հույներին և հայերին ժամանակի ընթացքում ընդհանուր փորձառություններ են միավորում։ Այստեղ, ի վերջո, ապաստան գտան հալածանքների բազմաթիվ զոհերը։ Նրանք դարձան մեր ազգային հյուսվածքի մի մասը և մեր հասարակության ստեղծագործական թևը: Ահա թե ինչու երկու ժողովուրդների հավերժական միասնությունը հանուն ճշմարտության, արժանապատվության և արդարության անխորտակելի է»,- գրել է Միցոտակիսը:
Հիշեցնենք՝ այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր հայերի սգո երթը լուռ շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթող, ծաղիկներ խոնարհում շուրջ 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
–00–ԱՀ