Մեծ Բրիտանիան չեղարկել է Սիրիայի նախարարությունների նկատմամբ պատժամիջոցները

Մեծ Բրիտանիան չեղարկել է Սիրիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների, ինչպես նաև մի շարք հետախուզական գործակալությունների ակտիվների սառեցումը, որոնք սահմանվել էին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի նախագահության շրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության տարածած ծանուցումը։

Նշվում է, որ Սիրիայի ներքին գործերի և պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև գլխավոր հետախուզության վարչությունը 12 կազմակերպությունների թվում են, որոնց ակտիվները այլևս ենթակա չեն սառեցման:

Ծանուցման մեջ չի նշվել պատժամիջոցները չեղարկելու պատճառները:

Մարտին Մեծ Բրիտանիայի կառավարությունը չեղարկել էր Սիրիայի կենտրոնական բանկի և 23 այլ կազմակերպությունների, այդ թվում՝ բանկերի և նավթային ընկերությունների ակտիվների սառեցումը:

Բրիտանական կառավարությունն ավելի վաղ ընդգծել էր, որ Ասադի իշխանության կողմնակիցների նկատմամբ սահմանված պատժամիջոցները կպահպանվեն:

Արևմուտքը վերանայում է իր մոտեցումը Սիրիայի նկատմամբ այն բանից հետո, երբ իսլամիստական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» կազմակերպության գլխավորած ապստամբ ուժերը 2024 թ․ դեկտեմբերին ավելի քան 13 տարվա պատերազմից հետո եկան իշխանության։

–00–ԱՀ