ԱՀԿ-ն նախազգուշացրել է ամբողջ աշխարհում վտանգավոր հիվանդությունների բռնկումների թվի աճի մասին
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Պատվաստանյութերի օգնությամբ կանխվող այնպիսի հիվանդությունների բռնկումները, ինչպիսիք են կարմրուկը, մենինգիտը և դեղին տենդը, աճում են ամբողջ աշխարհում, իսկ իմունացմանն ուղղված ջանքերը գտնվում են աճող սպառնալիքի ներքո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Ամբողջ աշխարհում աճում է պատվաստանյութերի օգնությամբ կանխվող այնպիսի հիվանդությունների բռնկումների թիվը, ինչպիսիք են կարմրուկը, մենինգիտը և դեղին տենդը։ Բացի այդ, այնպիսի հիվանդությունները, ինչպիսին դիֆթերիան է, որոնց տարածումը երկար ժամանակ կանգնեցվել կամ գրեթե վերացվել է շատ երկրներում, կարող են կրկին հայտնվել», – ասվում է փաստաթղթում, որն ԱՀԿ-ն հրապարակել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և GAVI-ի (Պատվաստանյութերի և իմունացման համաշխարհային դաշինք) հետ համատեղ։
Հայտարարության մեջ նշված է, որ իմունացմանն ուղղված ջանքերն աճող սպառնալիքի տակ են, «քանի որ ապատեղեկատվությունը, բնակչության թվի աճը, հումանիտար ճգնաժամերն ու ֆինանսավորման կրճատումը սպառնալիքի տակ են դնում առաջընթացը և վտանգի ենթարկում միլիոնավոր երեխաների, դեռահասների ու մեծահասակների»:
Կազմակերպությունները «հրատապ ու մշտական» քաղաքական ուշադրության և ներդրումների կոչ են անում՝ ուժեղացնելու իմունացման ծրագրերը և պաշտպանելու վերջին 50 տարիների ընթացքում մանկական մահացության նվազեցման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը:
«Վերջին հինգ տասնամյակի ընթացքում պատվաստանյութերը փրկել են ավելի քան 150 միլիոն կյանք: Գլոբալ առողջապահական ֆինանսավորման կրճատումը սպառնալիքի տակ է դրել դժվարությամբ ձեռք բերված այս հաջողությունները: Ամբողջ աշխարհում աճում է այն հիվանդությունների բռնկումների թիվը, որոնք կանխվում են պատվաստանյութի օգնությամբ, ինչը սպառնալիքի տակ է դնում մարդկանց կյանքը և մեծացնում հիվանդությունների բուժման ու բռնկումներին հակազդման համար երկրների ծախսերը», – փաստաթղթում մեջբերվում է ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել ԱՀԿ-ից երկրի դուրս գալու մասին։ ԱՄՆ նոր վարչակազմը կարծում է, որ ԱՀԿ-ն բավարար արդյունավետ չէ, գտնվում է քաղաքական ազդեցության ներքո և չափազանց մեծ ֆինանսավորում է պահանջում ԱՄՆ-ից։
–00–ԱՀ