Բաքվում հայերի նկատմամբ «դատերը» ընթանում է կեղծիքներով․ Բաբայանը մեծ համարձակություն է դրսևորել

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Բաքվի բանտում գտնվող Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայան իր ընտանիքի միջոցով, 168.am-ին ձայնագրություն է փոխանցել` տեղեկացնելով, որ իր խոսքերը Իվանյանի (նախկ. Խոջալու) իրադարձությունների վերաբերյալ ադրբեջանական մամուլը խեղաթյուրված է ներկայացրել:

Բաբայանը նշել է, որ որպես այդ իրադարձությունների պատասխանատու նշել է հենց ադրբեջանական կողմին` հիմքում ունենալով 1992 թվականին Ադրբեջանում եղած ներքին գործընթացները:

Հիշեցնեմ, որ և´ այդ ժամանակվա նախագահ Մութալիբովը, և´ հայտնի մի շարք դեմքեր, լրագրողներ ժամանակին փաստերով ապացուցել էին, որ ներքաղաքական պայքարում հաջողություն գրանցելու պատճատով, հենց ադրբեջանցիներն են Աղդամում` այդ ժամանակ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածում, կրակ բացել Իվանյանից հումանիտար միջանցքով դուրս եկած խաղաղ բնակիչների վրա` հետագայում ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:

Միաժամանակ պետք է արձանագրել, որ առաջին դեպքը չէ, երբ արձանագրվում է, որ Բաքվի բանտերում գտնվող հայերի նկատմամբ «դատավարության» գործընթացն ընթանում է մեծ թվով կեղծիքներով և խախտումներով ու սա դրա ապացույցներից մեկն է, որի վերհանման համար Դավիթ Բաբայանը մեծ համարձակություն է դրսևորել:

Ազատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»:

–00—ՅՄ