Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և ռուսների գերեզմանատեղիները ադրբեջանական վանդալիզմի թիրախ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հոդվածը, որը վեր է հանում Ադրբեջանի Հանրապետությունում գերեզմանատների հանդեպ իրականացվող համակարգված վանդալիզմի փաստերը։

Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային արժեքները, ներառյալ՝ պատմական հուշարձաններն ու գերեզմանատները, մշտապես ենթարկվել են վանդալիզմի։ Մշակութային ժառանգության ավերմամբ Բաքուն ունի մեկ նպատակ՝ միտումնավոր ջնջել հայկական ժառանգության պատմությունը, վերացնել հայկական հետքն այդ տարածքներից։

Ադրբեջանի պետական քաղաքականությունը, որը բացահայտորեն հակասում է իրենց կողմից հայտարարված «բազմամշակութային քաղաքականության» սկզբունքներին, իրականում ուղղված է ոչ միայն հայկական, այլև՝ իրենց երկրում այլ ազգերի պատմական ու կրոնական ժառանգության ոչնչացմանը։

Իբրև թե «ադրբեջանական ինքնություն» կերտելով՝ երկրում, ի թիվս այլոց, թիրախավորում են նաև ռուսական ու Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների գերեզմանոցները: Ադրբեջանական բարբարոսությունները չեն սահմանափակվում միայն գերեզմանաքարերի ոչնչացմամբ: Պետական ամենաթողության արդյունքում Հայրենական պատերազմի զոհերի ու մասնակիցների գերեզմանատեղիները, ռուսական ու հայկական և, ընդհանարապես, քրիստոնեական գերեզմանոցները դառնում են «գերեզմանոցների մութ» բիզնեսի թիրախ։ Խորհրդային հնգաթև աստղերը, տեղադրված խաչերը, դամբանաքարերը ոչնչացնելուց հետո այդ գերեզմանոցները վերավաճառվում են ադրբեջանցիներին։

Տարօրինակ կերպով Ադրբեջանում վերջին տասնամյակներում ճանապարհներ են կառուցվում գերեզմանոցների տարածքներով՝ այդ կեղծ պատրվակով ոչնչացնելով տեղի ռուսական և հայկական գերեզմանատեղիները։

Ադրբեջանի տարածքում ռուսական գերեզմանների դիտավորյալ ոչնչացման մասին վկայում են հենց տեղի բնակիչները: Բաքվի Յասամալի շրջանի ռուսական գերեզմանոցում տեղի ունեցող վանդալիզմի մասին բնակիչներից մեկը՝ Նիկոլայ Իվանովը բարձրաձայնել էր դեռևս 2017 թվականին: Նա իր բողոք-նամակում նշել էր, որ վերջին չորս-հինգ տարիների ընթացքում նշված գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված են նաև իր հարազատները, անհասկանալի բաներ են կատարվում։

–0–ԱՀ