Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպանը
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արիստիդ Տապսոբան (նստավայրը՝ Մոսկվա)։
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Տապսոբային նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություն և արդյունավետ գործունեություն՝ ի շահ երկու երկրների հարաբերությունների զարգացման։
Նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվացնել համագործակցությունը Բուրկինա Ֆասոյի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ ընդգծելով հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, կրթության և առողջապահության ոլորտների ներուժը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացման հնարավորությունները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման ուղիները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործակցության զարգացման հեռանկարներին՝ ընդգծելով այդ ոլորտում առկա ներուժն ու փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը։ Կարևորվել է կրթության, գիտության և առողջապահության ոլորտներում համագործակցության ուղիների համատեղ որոնումը՝ ուղղված ոլորտային բարեփոխումներին աջակցելուն և փորձի փոխանակմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև հանքարդյունաբերության ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունների շուրջ։
Հանդիպման ընթացքում դրականորեն արձանագրվել է Հայաստանի և Բուրկինա Ֆասոյի միջև միջազգային հարթակներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Անդրադարձ է եղել նաև Դեպի ծով ելք չունեցող երկրների համագործակցության ձևաչափում երկկողմ փոխգործակցության ակտիվացման կարևորությանը։
–00–ԱՀ