Ադրբեջանը և Չինաստանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 23-ին Պեկինում կայացած արարողության ժամանակ ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հարաբերությունների հաստատման մասին» համատեղ հայտարարության համաձայն՝ Բաքուն և Պեկինը վճռական աջակցություն են ցուցաբերում երկու երկրների հիմնարար շահերի, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում։
Ըստ հայտարարության տեքստի՝ Չինաստանն «աջակցում է ադբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին»։ Բացի այդ, կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել կապերը կառավարությունների միջև, համագործակցել առևտրի, տնտեսության, ներդրումների ոլորտներում, բանակցություններ սկսել ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ, խորացնել համագործակցությունն արդյունաբերության, վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտներում։
Ապրիլի 22-24-ն Իլհամ Ալիևը Սի Ծինփինի հրավերով պետական այցով գտնվում է Չինաստանում։
–00—ՅՄ