Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ առանց սեփական ժառանգության

22/04/2025 Մշակույթ

Monument Watch. Ապրիլի 18-ին ԻԿՕՄՕՍ-ը նշում է «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը», որը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանսի կողմից 1983 թվականին: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա նպատակն է խրախուսել աշխարհի տարբեր համայնքներին և անհատներին հաշվի առնելու մշակութային ժառանգության կարևորությունը իրենց կյանքի, ինքնության համար, ինչպես նաև խթանել դրա բազմազանության և խոցելիության խնդիրները և իրազեկել աշխարհին այն պաշտպանելու համար։

Սա ևս մեկ ազդակ է աշխարհին հիշեցնելու Արցախի հուշարձանների Ադրբեջանի կողմից ոչնչացման, յուրացման, արցախահայերիn՝ իրենց պատմական հայրենիքից ու ժառանգությունից բռնի հեռացման, հուշարձանների հետ հաղորդակցման արգելքների, խտրական վերաբերմունքի և պատմության կեղծման մասին։

2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում՝ բռնի տեղահանվեց տարածաշրջանի էթնիկ հայությունը՝ շուրջ 120․000 մարդ։

Ադրբեջանի պետական, նպատակամիտված այս քաղաքականության իրագործմամբ արցախահայերը տարանջատվել են իրենց սոցիալ-մշակութային արժեքներից, զրկելով պատմական հայրենիքի՝ Արցախի բնության, հուշարձանների, համայնքի և մշակութային լանդշաֆտի հետ կապված գիտելիքը իրացնելու և ապագա սերունդներին փոխանցելու հնարավորությունից։ Արցախի տարածքի պատմական շուրջ 4000-ից ավել հուշարձաններից բռնի հեռացումը, դրանց գոյությանը սպառնացող ուղղակի վտանգը, արդեն իսկ ոչնչացված ու պղծված ժառանգության բազմաթիվ արժեքները, սեփական ինքնությամբ ապրելու անհնարինությունը անհաղթահարելի մարտահրավերներ են ստեղծել կենսական նշանակության եկեղեցիների, սրբավայրերի, ուխտատեղիների հետ կապված ծեսերը, հավատալիքները, ավանդույթները, տոները կենսունակ պահելու գործընթացում։ Հաշվի առնելով, որ այս հուշարձանները անբաժանելի էին արցախահայերի ինքնությանից, ուստի դրանցից օտարումը խորը ճգնաժամ է ստեղծել՝ խաթարելով մարդկանց և մշակութային ժառանգության միջև կապը՝ հանգեցնելով դրանց հետ կապված հիշողության, շարունակականության գործելակերպի կասեցման, անցյալի սոցիալական հիշողության մթանգնման

Մշակութային ժառանգության հասանելիության, մշակութային կյանքին մասնակցության իրավունքը մարդու իրավունքների միջազգային օրենսդրության մաս է: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ» հռչակագրի 27-րդ հոդվածը նշում է․ «Յուրաքանչյուր ոք ունի համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու (UN. 1948, Art. 27.1), արվեստը վայելելու, գիտական առաջընթացին և դրա օգուտներին մասնակցելու իրավունք»: Վերջինիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեկնաբանությունը հաստատել է, որ համայնքի մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը երաշխավորում է նաև մշակութային ժառանգության հասանելիության, մշակութային պրակտիկաներին մասնակցելու և վայելելու յուրաքանչյուրի իրավունքը։

Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան պնդում էր, որ ժառանգության ոչնչացում նշանակում է «երկրորդ անգամ սպանել ժողովրդին» ։

Այս իմաստով Արցախի մշակութային ժառանգության հանդեպ թշնամական պահվածքը պարզապես ժառանգությանն ուղղված հարձակում չէ, այլ ինքնության, անհատական ​​և խմբային իրավունքների մերժման դրսևորում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՄԱԿ-ի մարդու իրավունքների տարբեր կառույցները հստակորեն արձանագրել են, որ մշակութային ժառանգությունից օգտվելու, այն պահպանելու, մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը հանդիսանում է մարդու հիմնարար իրավունք և այն պետք է երաշխավորվի։ Սակայն, այսօր՝ աշխարհի աչքի առաջ, Արցախից բռնի տեղահանված 120․000 հայերը զրկված են իրենց իրավունքներից։ Նրանք տարանջատված են իրենց պատմական հայրենիքից, մշակութային ժառանգությունից։ Այդ գործընթացը հակասում է ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության պահպանման սկզբունքներին, այնպես էլ ՄԱԿ-ի միջազգային պայմանագրերով ամրագրված մշակույթի իրավունքի հիմնարար դրույթներին։

–00—ՍՊ