Մատենադարանում «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, համագործակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության և գործակցությամբ «Կայծ» հիմնադրամի, նախաձեռնում է Մխիթար Գոշին և նրա «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով, որը տեղի կունենա 2025 թ․ հոկտեմբերին։ Գիտաժողովի շրջանակում կքննարկվեն միջնադարյան իրավագիտության պատմության հարցեր՝ կապակցված արդի իրավագիտության հիմնախնդիրներին։ Գիտաժողովը կդառնա Գոշի ժառանգության միջազգայնացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններից մեկը՝ ի թիվս «Դատաստանագրքի» անգլերեն թարգմանության վերահրատարակման և բացառիկ ցուցադրության։ Հիշեցնենք, որ Մատենադարանի ներկայացրած հայտով 2025 թվականի ապրիլի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանում անդամ երկրների միաձայն որոշմամբ Գոշի «Դատաստանագիրքն» ընդգրկվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։ Գիտաժողովը, ըստ էության, այս իրադարձության գործնական արձագանքն է։
Գիտաժողովի կազմակերպչական հարցերով այսօր Մատենադարանում տեղի է ունեցել համատեղ խորհրդակցություն՝ մասնակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի և «Կայծ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների:
–00—ՍՊ