Թբիլիսին պատրաստ է նպաստել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը. Վրաստանի ԱԳ նախարար

22/04/2025 Քաղաքական

Թբիլիսին պատրաստ է նպաստել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին , հաղորդում Սպուտնիկ Գրուզիան։

Նա ևս մեկ անգամ նշել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդմանը։

«Ուրախ եմ, որ անցած շաբաթ Թբիլիսիում կայացավ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը, և հուսով եմ, որ այս ձևաչափով մենք կկարողանանք համագործակցել հանուն տարածաշրջանի բարգավաճման»,- ասել է նա։

Բոճորիշվիլին շեշտել է, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցությանը, հատկապես այն նախագծերի իրականացմանը, որոնք կնպաստեն տնտեսական զարգացմանը։

–00—ՅՄ