Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվել Փարիզի եկեղեցում

Ապրիլի 21-ին, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման՝ Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու կողմից կազմակերպվող ավանդական պատարագին:

Հայկական ծիսակարգով կազմակերպված պատարագը մատուցվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայանի նախագահությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանի, Ֆրանսիայի Հայ ավետարանչական եկեղեցու առաջնորդ Ժոել Միքայելյանի, Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, Փարիզի քորեպիսկոպոս Էմանուել Տուայի, ինչպես նաև՝ քույր եկեղեցիների քահանաների մասնակցությամբ:

Ոգեկոչման պատարագին ներկա էին Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ֆրանսիացի հասարական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև՝ ֆրանսահայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ֆրանսիայի հայ կաթողիկե եկեղեցու հետևորդներ, ֆրանսիացի հարյուրավոր հավատավորներ:

–00—ՍՊ