Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսությունը

Monument watch. «Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում՝ Տվարդովսկի հրապարակում, կազմակերպվել է ցուցահանդես՝ «Արևմտյան Ադրբեջանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով, որն ուղղված է հայկական մշակութային ժառանգության յուրացմանը և է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ հավակնություններ։ Ցուցահանդեսի բացման մասին պաշտոնական հաղորդագրությամբ հանդես է եկել Լեհաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Նարգիզ Գուրբանովան (https://www.facebook.com/share/p/184JnyriXE/?mibextid=wwXIfr):

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Ադրբեջանի խորհրդարանի անդամ և Արևմտյան Ադրբեջանի համայնքի Գործադիր կոմիտեի փոխնախագահ Գայա Մամեդովան, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք։ Միջոցառումը կազմակերպվել է Ադրբեջանի պետական մարմինների և գիտամշակութային հաստատությունների մասնակցությամբ, այդ թվում՝ Արևմտյան Ադրբեջանի համայնք, Ադրբեջանի միջազգային զարգացման կազմակերպություն (AIDA), Բաքվի միջազգային բազմամշակութայինության կենտրոն, Ադրբեջանի Ազգային Գիտությունների Ակադեմիայի Պատմության և ազգագրության ինստիտուտ, Ազգային գորգերի թանգարան, Պատմության ազգային թանգարան, Պետական կերպարվեստի թանգարան, Ազգային խոհանոցի միություն և Կովկասի պատմության կենտրոն, ինչը վկայում է միջոցառման պետական բարձր հովանավորության մասին https://www.facebook.com/share/p/1Dkzj5GZC2/?mibextid=wwXIfr ։

Ցուցահանդեսի բովանդակությունը ներառում է պատմական փաստերից կտրված, կեղծ և խեղաթյուրված տեղեկություններ, որոնք օգտագործվում են 20-րդ դարի վերջերին Ադրբեջանի կողմից հորինված և քաղաքական և մշակութային ժառանգության յուրացման նպատակներով շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» արհեստական եզրույթի «հիմնավորման» համար։

Վարշավայում կազմակերպված ցուցահանդեսում Ադրբեջանի կողմից ներկայացվել են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող շուրջ 3500 պատմամշակութային հուշարձան, 500 գերեզմանոց և 391 մզկիթ՝ որպես այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» պատմական ժառանգության անբաժան մաս։Մասնավորապես, ցուցահանդեսում ներկայացված են պաստառներ, որոնք Երևանը ցուցադրում են որպես ադրբեջանական մշակութային ժառանգության քաղաք։ Այս ցուցադրություններում Երևանը հիշատակվում է տարբեր ձևերով՝ «Ռավան», «Իրավան», «Իրիվան», և ներկայացվում որպես ադրբեջանական ժողովրդի «հարուստ մշակութային պատմության անքակտելի մաս»։

«Արևմտյան Ադրբեջան» տերմինի ներքո Ադրբեջանը փորձում է վերաշարադրել Երևանի պատմությունը՝ օգտագործելով դեկորատիվ արվեստի նմուշների, պատմական փաստաթղթերի խեղաթյուրման և նորակազմ ադրբեջանական ինքնության ձևավորման մեխանիզմները։ Ցուցադրության առանցքում են Երևանի պարսից խաների պալատից, Երևանի բերդից և մի շարք պատմական հուշարձաններից լուսանկարներ, որոնք ներկայացվում են որպես «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգություն։ Բացի այդ, ցուցահանդեսում ներկայացված է հայկական ավանդական ուտեստներից ղավուրման, որպես ադրբեջանական խոհանոցի բաղկացուցիչ։ Իսկ մեկ այլ լուսանկարում պատկերված է Երևանի Պետական Համալսարանի Սև շենքը, որը ներկայացվում է որպես ադրբեջանական մշակութային արժեք։ Նշենք, որ վերոհիշյալ շենքն ունի ավելի քան մեկդարյա պատմություն և ներառված է Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։

Մեր արձագանքը

Ադրբեջանի կողմից իրականացվող այս քաղաքականությունն ուղղված է հայ ժողովրդի պատմական իրավունքների ժխտմանը՝ նրա բնիկ հողի նկատմամբ, ինչպես նաև պատմական փաստերի ու մշակութային ժառանգության խեղաթյուրմանն և յուրացմանը։

Հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ առաջ քաշելով արդեն ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակվելու տարբեր ծրագրեր։ Սրանք անընդունելի գործողությունների ամբողջություն են, որոնց նպատակը հայկական հետքի բնաջնջումն է։ «Արևմտյան Ադրբեջան» նորաստեղծ եզրույթի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Ռուբեն Գալիչյանի հետևյալ հոդվածում (https://monumentwatch.org/wp-content/uploads/2023/12/Text-and-Maps-in-Armenian.pdf):

Ադրբեջանի կողմից իրականացվող հայկական մշակութային ժառանգության յուրացման այս քաղաքականությունը կոպտորեն խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած իսկության սկզբունքները՝ ըստ որոնց մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի իր գիտական ճշմարտացիության և գիտելիքի համաձայն։ Այս սկզբունքները սահմանվում են 1994 թվականին Ճապոնիայում ընդունված Մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթով https://www.icomos.org/charters/nara-e.pdf

Հայկական պատմամշակութային ժառանգության յուրացումը խախտում է նաև հայ ժողովրդի մշակութային իրավունքները, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով։ Այն նաև հակասում է 1966 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի» 15-րդ հոդվածին։

Նման գործողությունները ոտնահարում են սերունդների իրավունքները՝ ճշմարտացի կերպով հաղորդակցվելու իրենց պատմությանն ու մշակութային ժառանգությանը։

«Արևմտյան Ադրբեջան» կողծ եզրույթի շահարկումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր կայքի մյուս հոդվածներում՝

Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» պետական հեռուստատեսությունը, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով, «Պատմական-մշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձեր», «Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն», «Ադրբեջանի հանրապետության ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումը»։

–00—ՍՊ