Հիմա ո՞վ ում պիտի ձեռք առնի, նզովյալ․ Չինգիզ Խանի պատասխանը՝ Նիկոլին․ Աշոտյան

21/04/2025 Քաղաքական

Ես՝ Չինգիզ խանս, մեծ նվաճողս ու Մոնղոլական կայսրության հիմնադիրս, քեզ եմ դիմում խոր վրդովմունքով եւ զայրույթով, քանզի տեղեկացա, որ վերջերս ղեկավարին անվայելուչ ծամածռություններով հանդգնել ես հիշատակել իմ անունը ձեր ժողովրդի Ազգային կուռուլտայում։

Ասեմ, որ դու արդեն կենդանության օրոք ես մտել պատմության մեջ, որովհետեւ սեփական ազգը կործանող քեզ պես առաջնորդները աննախադեպ են ( տափաստանի ագռավներն ինձ ասացին, որ այս բառը դու շատ ես սիրում, վայելիր)։

Իմ կենդանության օրոք իմ կողմից նվաճված ժողովուրդներին ես հաճախ էի կրկնում, որ ես Աստծո կողմից ուղարկված իրենց պատիժն եմ. եթե նրանք սարսափելի մեղքեր չգործեին, Աստված իմ պես պատիժ չէր ուղարկի իրենց գլխին։

Այդ ժամանակ ես Հայաստան չհասա, բայց անքննելի են Տիրոջ ճանապարհները, եւ ես իմ ողջ քաջությամբ վախենում եմ երեւակայել, թե հայերի դեպքում որ մեղքերի համար

Բարձրյալն իր պատիժը սահմանեց ոչ թե իմ պես դաժան, բայց խորունկ նվաճողի, այլ հենց այդ ազգի միջից քո պես ղեկավարի դեմքով։

Դու վիրավորական մեկնաբանություններ կատարեցիր իմ անձի մասին, ինչը ոչ միայն խորապես վրդովվեցրել է ինձ, այլ նաև բացահայտել է պատմական և գաղափարական քո իրական մակարդակը։

Քո վարքագիծը ցույց է տալիս, որ դու չես հասկանում, ի՞նչ է պատմությունը, ազգը, քաղաքականությունը, (թեպետ, տափաստանի ագռավների ինձ հայտնել են, որ ուտել շատ ես սիրում, վախենամ՝ ոչխարներից էլ ոչինչ չես հասկանում)։

Քո անպատիվ օրակարգը, փոխարենն ամրապնդի ժողովրդի միասնությունը և հպարտությունը, միայն բաժանումներ և հակասություններ է ստեղծում։ Ինչպես ես ասել եմ. «Եթե ցանկանում ես նվաճել աշխարհը, դու պետք է նախ նվաճել քո ժողովրդի սրտերը»: Սա ազգային միասնության և ուժի հիմնաքարն է։ Այնուամենայնիվ, քո գործողություններից դատելով, դու հեռացնում ես ժողովրդին և որպես առաջնորդ սպառել ես նրա վստահությունը դեպի քեզ։

Դու փոխանակ սովորես բնության իմաստուն արարածներից. գայլից՝ ցեղակիցներին պաշտպանել, արծիվից՝ հեռուն տեսնել, նժույգից՝ արժանապատիվ լինել, օրինակ ես վերցնում կարիճներից, բորենիներից եւ դաշտամկներից։
Քեզ, որպես առաջնորդ, խորհուրդ կտայի սովորել այլ կենդանիներից ու առաջնորդվել խիզախությամբ եւ իմաստնությամբ։ Բայց ուշ է, շատ ուշ, անհույս ուշ։

Դու դավաճանություն ես սերմանում եւ խրախուսում սրիկաներին, իսկ ես կռվից հետո պարգեւատրում էի նրանց, ովքեր մինչեւ վերջ հավատարիմ էին իրենց առաջնորդներին։ Ես դաժան եմ եղել այլոց, դու՝ ցեկակիցներիդ հանդեպ։ Ես նվաճել եմ ու հաղթանակել, դու՝ պարտվել ու պախարակվել։ Ես իմ ազգի պարծանքն եմ, դու՝ քո ազգի ամոթը։

Իմ արձանը դրված է իմ հայրենիքի մայրաքաղաքի կենտրոնում, իսկ պատկերացնու՞մ ես, որտեղ ես ժամանակի ընթացքով հայտնվելու դու՞։ Իմ գերեզմանի տեղը հայտնի չէ, իսկ դու մահացած ես, բայց թաղված չես ( սա էլ հուշեցին ինձ տափաստանի ագռավները)։

Հիմա ո՞վ ում պիտի ձեռք առնի, նզովյալ (տափաստանի ագռավներն ինձ հուշում են, որ հայերենով ջղայնությունս կարող եմ հայտնել նաեւ այսպես՝ արա’):

Սեփական անցյալի նկատմամբ հարգանքը և դրա պաշտամունքը անհրաժեշտ են, որպեսզի ուժեղացնես ժողովրդին։ Չէ՞ որ իր տոհմածառը չիմացող մարդը նման է անտառում աննպատակ թափառող կապիկի։

Հայ ժողովուրդ, դու արժանի ես ավելի լավին։ Չթաղես քեզ զիջումների թակարդում, որ միայն հեռացնելու է քո ազգային բարօրությանը։
Չինգիզ խան

Հ.Գ. Չինգիզ խանի պատասխանը «Ձորաղբյուր» ՏԿՀ-ում գրի առավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

–00—ՅՄ